«Արմավիան» կրկին իր «բարձրունքում» է

Ինչպես հայտնի է դարձել Times.am գործակալությանը, «Արմավիայի» Երևան-Բեյրութ չվերթը երեկ չի կայացել: Ըստ չվացուցակի, ինքնաթիռը պետք է մեկներ դեպի Բեյրութ մարտի 12-ի ուշ երեկոյան՝ ժամը 23:50-ին: Օդանավակայան եկած ուղևորներին չվերթի հետաձգման կամ չեղյալ հայտարարելու մասին որևէ տեղեկություն չեն տրամադրել: Մարդիկ պարզապես նկատել են, որ տեղեկատվական տախտակի վրա չվերթի ժամը փոխվել է: Ըստ նոր տեղեկությունների չվերթը պետք է կայանա այսօր ժամը 12-ին:

Երկարատև որոնումներից հետո Բեյրութ թռչող ուղևորները կարողացան հանդիպել «Արմավիայի» ներկայացուցչի հետ, որը սակայն որևէ հստակ տեղեկատվություն չվերթի ուշացման հետ կապված չի տրամադրել: Ավելին՝ նա ասել է, որ հստակ չգիտի, թե երբ տեղի կունենա չվերթը: Դե իսկ մարդկանց նյութական կորուստները փոխհատուցելու մասին խոսքերն էլ, ցավոք, ավելնորդ էին: «Զանգեք, կասենք երբ եք թռնում», – արձագանքեց ավիաընկերության ներկայացուցիչը:

Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների, չվերթի հետաձգման պատճառը Բեյրութի օդանավակայանի և «Արմավիայի» միջև առաջացած ֆինանսական խնդիրներն են:  Մեր աղբյուրները նշում են, որ հայկական ինքնաթիռները չեն ընդունում գոյացած պարտքերի պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում