Ծանր մետաղներով հագեցած ոռոգման ջուրն ու Սևանի էկոհամակարգի վերականգնման հույսը
Նմանատիպ
Մետաղակլան բույսերի փնտրտուքում
Հանքի շահագործումից հետո նրանում առկա մետաղների համար սկսվում է կյանքի նոր` վերգետնյա շրջանը, որով էլ տրվում է շրջակա միջավայրի աղտոտման մեկնարկը: Շղթայական ճանապարհով այդ մետաղներն, ի վերջո, հասնում են մարդու օրգանիզմ: Այդ առումով ՀՀ ամենախոցելի համարվող մարզերում` Սյունիքում և Լոռիում, որտեղ տեղակայված են հիմնական շահագործվող հանքերը, ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Գոռ Գևորգյանը` գործընկերների հետ ուսումնասիրում է շղթայի կարևոր օղակներից մեկի` ջրային ռեսուրսների վիճակը. «Հանքարդյունաբերական շրջանների ջրային էկոհամակարգերում ծանր մետաղների առկայությունը գերազանցում է թույլատրելի սահմանը: Դա ազդում է ինչպես գետային համակարգի կենսաբազմազանության, այնպես էլ մարդկանց առողջության վրա` անուղղակի ճանապարհով»: Բանն այն է, որ ոռոգման նպատակով օգտագործվող ջրից ծանր մետաղներն անցնում են հողին, հողից` բույսերին, վերջիններից էլ` մարդուն»:
Կենսաբանորեն կայուն, այսինքն` ժամանակի ընթացքում չքայքայվող նյութերը, կուտակվելով մարդու օրգանիզմում կարող են ունենալ ինչպես քաղցկեղածին, այնպես էլ բազմաթիվ այլ ազդեցություններ: Թեկուզ որոշ չափով դրանից խուսափել կհաջողվեր, եթե Հայաստանում ևս, ինչպես եվրոպական տարբեր երկրներում, լինեին կենսաբանական մաքրման կայաններ: «Ոռոգման գետային համակարգն` իր կենդանական աշխարհով հանդերձ, վտանգի տակ է: Հայաստանում չկան ծանր մետաղները ջրից հեռացնելու մեխանիզմներ: Աշխարհում կան կենսաբանական մաքրման տարբեր եղանակներ. մշակում են ջրային օրգանիզմ, որի միջով ջուրն անցնելով` մաքրվում է, այսինքն` մետաղները կուտակվում են դրա մեջ, որից հետո այն որևէ տեղ թաղվում է: Այն տարածքներում էլ, որտեղ աղտոտված է հողը, աճեցնում են բույսեր, որոնք մետաղները կլանելու ուժեղ հատկություն ունեն, հետո դրանք չեզոքացվում են: Մեր գիտական խմբի որոշ անդամներ Գերմանիայում նմանատիպ աշխատանքներ են կատարել»,-ասում է երիտասարդ գիտնականը:
Հայաստանում այդ պրակտիկան չի կիրառվում մի պարզ պատճառով` թանկ է, բայց գիտական մակարդակով աշխատանք` ուսումնասիրություններ, արվում են: Մասնավորապես ԵՊՀ-ում փորձում են գտնել ծանր մետաղները կլանող և համեմատաբար մատչելի բույս, որի օգնությամբ հնարավոր կլինի մաքրել ՀՀ աղտոտված հողերը: Թե երբ Հայաստանում կիրառելի կդառնա հողերի մաքրման հիշյալ կամ որևէ այլ եղանակ, Գոռ Գևորգյանը դժվարանում է պատասխանել, բայց խիստ անհրաժեշտություն է տեսնում. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծանր մետաղներով աղտոտված հողերը երեխաների վրա ավելի մեծ ազդեցություն են գործում: Նրանք ռիսկային խումբ են, քանի որ հողի հետ նրանց անմիջական շփումը սահմանափակելը դժվար է. դրսում խաղալու ընթացքում և´ շնչում են աղտոտված հողի փոշին, և´ մաշկի միջոցով են կլանում»: Այս եղանակներով, ինչպես նաև ձկների միջոցով, որոնց մաշկը ևս կլանում է մետաղները, վտանգավոր նյութերը կենդանի օրգանիզմ են անցնում նաև ջրից:
Սևանա լիճը` գետերի աղտոտված ջրերի հավաքատեղի
Երիտասարդ գիտնականը հանքարդյունահանման հետևանքով առաջացած աղտոտման հետ համեմատելի չի համարում կենցաղային գործունեությամբ պայմանավորված աղտոտումը: Օրգանական աղտոտվածության ոչ այնքան մտահոգիչ լինելն ունի իր բացատրությունը. «Մետաղների, պեստիցիդների համեմատ` թե´չափաբաժնով, թե´ ազդեցության աստիճանով, կենցաղային աղտոտվածությունը փոքր է: Բացի այդ, օրգանական աղտոտիչը ճեղքվելով` վերածվում է սննդանյութի ` ազոտի և ֆոսֆորի»,-բացատրում է Գոռը:
Ըստ ամենայնի` կենցաղային աղտոտումից խուսափելն այնքան էլ բարդ ու անիրատեսական չէ. խնդիրը շարքից դուրս եկած կոյուղատար համակարգերն են, որոնք, երիտասարդ կենսաբանի խոսքով, առավել շատ են գյուղական բնակավայրերում: «Հավաքիչներ (կոլեկտորներ) չկան կամ էլ, որպես այդպիսին, հանդիսանում են գետային համակարգերը: Այս պարագայում գոնե կենսաբանական կայաններ են պետք, որոնք Հայաստանում բացակայում են, իսկ մեխանիկականները չեն կարող մանր մասնիկներն ու, առավելևս, լուծված վտանգավոր նյութերը հանել ջրից: Դեռ լավ է` մեր գետերը լեռնային արագահոս են, ինչն արագացնում է նրանց ինքնամաքրումը»:
Հենց տարբեր գյուղական ու քաղաքային բնակավայրերով հոսող և հավաքիչների դեր կատարող գետերն են Սևանա լճի աղտոտման հիմնական «մեղավորները»: Լիճ թափվող գետերն իրենց հետ բերում են բազմաթիվ` հիմնականում օրգանական աղտոտիչներ, որն, այսպես թե այնպես, ազդում է լճի` առանց այն էլ փոփոխված էկոհամակարգի վրա: «Սևանի ավազանի մակարդակի իջեցման արդյունքում խախտվել էր էկոհամակարգը, ձկնային պաշարները նվազել էին, հիմա մոտ 3 մետր բարձրացվել է: Դրա հետևանքով ևս խնդիրներ առաջացան. հաշվի չէին առել, որ շրջակա անտառները կանցնեն ջրի տակ: Խնդիրն առաջ եկավ` նոր միայն սկսեցին անտառները մաքրել»,- ասում է Գոռ Գևորգյանը: Լճի պահպանության առումով շատ կարևոր մի ծրագիր են պատրաստվում իրականացնել հայ և գերմանացի մասնագետները` համատեղ: Գերմանական կողմի ֆինանսավորմամբ կմշակվի Սևանի կառավարման մոդել, որը հնարավորություն կտա վերականգնել լճի էկոհամակարգն ու վերահսկել այն:
Եթե մակերևութային ջրերի դեպքում մտահոգիչը աղտոտվածությունն է, ապա ստորգետնյա ջրային պաշարներին սպառնում է ծավալների նվազումը: «Հայաստանում ստորգետնյա ջրերի քանակը հաշվարկված չէ, ինչը լուրջ խնդիր է: Եվ այսօր Արարատյան դաշտավայրում խմելու ջրի նվազման սպառնալիք կա` կապված ձկնաբուծության զարգացման հետ»,- ասում է Գոռ Գևորգյանը` հույս հայտնելով, որ վերջին տարիներին ձկնաբուծարաններում ներդրված փակ համակարգը, որի դեպքում նույն ջուրը մաքրվում և կրկին օգտագործվում է, կդանդաղեցնի խմելու ջրի պաշարների նվազման տեմպերը:
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում