«Լիվերպուլը» չեմպիոն չի դառնա. կա որոշիչ պատճառ

«Լիվերպուլը» չեմպիոն չի դառնա. կա որոշիչ պատճառ

Ֆուտբոլում հարձակումը հաղթում է խաղեր, իսկ պաշտպանությունը՝ տիտղոսներ: Այդ իսկ պատճառով «Լիվերպուլը» այս մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, նորից կմնա առանց տիտղոսների: Համենայնդեպս, «Լիվերպուլի» ունեցած պաշտպանությունը թույլ չի տալիս նույնիսկ երազել տիտղոսների մասին:

Նախ հարձակման մասին

Այստեղ ամեն ինչ պարզապես ֆանտաստիկ է: Արագությունը «Լիվերպուլի» հարձակման գլխավոր զենքն է: Հենց դրա շնորհիվ էլ իրականացվում են բարձր և ակտիվ պրեսինգը, հակագրոհները: Կարելի է ասել, որ խաղային այս կետերով «Լիվերպուլը» լավագույնն է Պրեմիեր լիգայում: Բայց մի՞թե դա բավական է չեմպիոնական պայքարի մեջ մտնելու գործող չեմպիոն «Չելսիի» և մանչեսթերյան երկու ակումբների հետ: Ոչ:

Ի՞նչ խնդիրներ ունի «Լիվերպուլը» պաշտպանությունում

Տարատեսակ: Գրեթե յուրաքանչյուր դիրքում խնդիրներ կան. դարպասապահի դիրքի մասին խոսելն անգամ ավելորդ է: Սիմոն Մինյոլեն ու Լորիս Կարիուսը հուսալի դարպասապահներ չեն: Դրանում բազմիցս համոզվել ենք:

Աջ եզրը

Հիմնական աջ պաշտպան Նաթանիել Քլայնը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել շուրջ երկու ամսով: Նրան փոխարինում է երիտասարդ Տրենդ Ալեքսանդր-Առնոլդը: Այստեղ կարևոր է հասկանալ, որ մեկ անգամ տուգանայինից գոլ խփելով, հնարավոր չէ տեղ վաստակել մեկնարկային կազմում: Այս մրցաշրջանի բոլոր խաղերում Ալեքսանդր-Առնոլդը սխալներ է թույլ տվել: Այդ դիրքում երբեմն խաղում է նաև Ջո Գոմեսը, ով վերջերս է ապաքինվել վնասվածքից և դեռ իր լավագույն մարզավիճակում չի գտնվում:

Կենտրոնը

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպանների մակարդակը չի համապատասխանում ակումբի ամբիցիաներին: Անհնար է Ռագնար Կլավան, Ժոել Մատիպ և Դեյան Լովրեն կենտրոնական պաշտպանների եռյակով որևէ լուրջ հաջողության հույս ունենալ: Ամենացավալին այն է, որ նրանցից և ոչ ոք չի համարվում երիտասարդ, հեռանկարային ֆուտբոլիստ: Կլավանը 31 տարեկան է, Լովրենը՝ 28, իսկ Մատիպը՝ 26: Նրանց մոտ ցածր է հաղթած միկրոմենամարտերի տոկոսային հարաբերությունը: Հաճախակի թույլ են տալիս դիրքային սխալներ և կորցնում են զգոնությունը:

Ձախ եզրը

Այս պահի դրությամբ միակ լուսավոր կետը «Լիվերպուլի» պաշտպանության գծում: Ալբերտո Մորենոն, որը նախորդ մրցաշրջանում կորցրել էր տեղը մեկնարկային կազմում, վերջնականապես վերադարձել է հիմնական կազմ: Բացի այդ, «Լիվերպուլը» ձեռք է բերել շոտլանդացի Էնդրյու Ռոբերտսոնին:

Եթե ավելի պատկերավոր ներկայացնենք, ապա «Լիվերպուլի» պաշտպանությունն ունի հետևյալ տեսքը.

Ո՞վ է մեղավոր. ակումբի ղեկավարությո՞ւնը, թե՞ մարզչական շտաբը

Ամառային տրանսֆերային պատուհանի ամբողջ ընթացքում «Լիվերպուլը» ջանում էր ձեռք բերել «Սաութհեմփթոնի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկին: Մի քանի անհաջող փորձից հետո մերսիսայդյան ակումբը հանձնվեց և այդպես էլ չկարողացավ այլընտրանք գտնել: Հոլանդացի ֆուտբոլիստն անկասկած կուժեղացներ «Լիվերպուլի» պաշտպանական գիծը:

Դժվար է պատկերացնել, որ Յուրգեն Կլոպը չի ցանկացել նոր կենտրոնական պաշտպանի ձեռք բերել: Ամենայն հավանականությամբ, այդպիսի մտքեր ունեցել են «Լիվերպուլի» ղեկավարները՝ չցանկանալով մեծ գումարներ ծախսել:

Ի՞նչ է սպասվում «Լիվերպուլին»

Մրցաշրջանի մեկնարկը կարելի է ձախողված համարել: Անգլիայի Պրեմիեր լիգայում թիմն անցկացրել է 5 խաղ՝ 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 1 պարտություն: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում էլ «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է ավարտել «Սևիլյայի» հետ հանդիպումը: Այս տեմպերով շարունակելու դեպքում Կլոպի թիմը կարող է հերթական անգամ մնալ առանց տիտղոսների:

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում