Անհաղթ աքլորը

Անհաղթ աքլորը

Լինում է, չի լինում՝ մի աքլո՛ր է լինում։

Էս աքլորը քուջուջ անելիս մի ոսկի է գտնում։

Կտուրն է բարձրանում, ձեն է տալի.

– Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ…

Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝ գնան խլեն բերեն։

Նազիր-վեզիրը գնում են՝ խլում բերում։ Աքլորը կանչում է.

– Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանով ապրե՜ց… Թագավորը ոսկին ետ տալիս է իր
նազիր-վեզիրին, ասում է.

– Ետ տարեք իրեն տվեք, թե չէ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ
անպիտանը…

Նազիր-վեզիրը ոսկին տանում են ետ տալիս աքլորին։ Աքլորն էլ կտուրն է
բարձրանում.

– Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանից վախե՜ց… Թագավորը բարկանում է, իր
նազիր-վեզիրին հրամայում է

– Գնացե՛ք,— ասում է,- բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք
ուտեմ, պրծնեմ դրանից։

Նազիր-վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է.

– Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՛լ…

Տանում են մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի.

– Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ղրկե՛լ… Եփում են բերում
թագավորի առաջն են դնում, կանչում է.

– Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ… Թագավորը շտապով վերցնում
է կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է.

– Նեդ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՛ւ… Թագավորը որ տեսնում է՝
կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր-վեզիրին հրամայում է թուրները հանած
պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի՝ զարկեն։

Նազիր-վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են մինը էս կողմը, մյուսը էն։
Աքլորը որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի.

– Լույս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ…

– Զարկե՛ք…- հրամայում է թագավորը։ Նազիր-վեզիրը զարկում են, տալիս են
թագավորի փորը պատռում։

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում ձեն տալի.

– Ծուղրուղո՜ւ…

Հովհաննես ՔՈՒՄԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում