«Երաժշտությամբ մենք նաև հաղթում ենք չարին» Դանիել երաժիշտ
Նմանատիպ
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում հերթական կամերային համերգը նախատեսված է նոյեմբերի 28-ին` Հայաստանի ազգային պատկերասրահում:
Առաջին անգամ հանդիսատեսին կներկայացվի «Արքայական համերգ» խորագրով ծրագիրը, որը ներառում է տարբեր ժամանակների տարբեր արքաների ստեղծագործություններ:
Փառատոնային համերգին ընդառաջ զրուցեցինք ՀՀ վաստակավոր գործիչ Դանիել Երաժշտի հետ:
-Մաեստրո, հայ ունկնդիրը նոյեմբերի 28-ին հնարավորություն կունենա մասնակիցը լինել «Արքայական համերգի»: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։
-Այս համերգին հնչում են թագավորների, կան նաև առաջին հայացքից ոչ թագավորների գործեր, օրինակ՝ Բախ է հնչելու: Բախը երաժշտության «արքայության» թագավորն է:
Բախը գրել է իր մեծակերտ շարքը՝ «Երաժշտական ընծա» Ֆրիդրիխ թագավորի տված թեմայով: Այդ ստեղծագործության մեջ զգացվում է երկու թագավորների շունչը: Դա ինձ համար շատ կարևոր է:
-Կա՞ն հայ արքաների ստեղծագործություններ:
-Հայ արքաներից ինձ հայտնի չէ որևէ ստեղծագործող:Բայց քանի որ հայերը և՛ աշխարհագրորեն, և՛ պատմականորեն յուրահատուկ իրավիճակում են, մենք դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, եկեղեցին ստանձնել է ղեկավարի դերը, և մեր կաթողիկոսները եղել են առաջնորդներ: Պարտադիր չէ, որ անունը թագավոր լինի:
Օրնակ՝ Կոմիտաս կաթողիկոսը, Ներսես Շնորհալին, Աշոտ Պատրիկ Բագրատունին ևս գործեր են հեղինակել: Պատրիկ նշանակում է իշխան, նա միակ աշխարհիկ մարդն է, որի շարականը եկեղեցին ընդունեց և կանոնացրեց, ու այն տեղ գտավ շարակնոցում:
–«Արքայական համերգ» նախագիծը հանդիսատեսին է ներկայացվում Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում…
-Ես շատ շնորհակալ եմ իմ հարազատ, սիրելի Երիտասարդական նվագախմբին: Նրանք պայծառացնում են Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պատիվը, քանի որ հաստատում են, թե ինչպիսի՜ դասեր են ստացել:
Այս արդյունքը կոնսերվատորիայի տված դասերն են: Արդյունքը պայծառացնում է ոչ միայն Հայաստանը, այլև արտերկիրը շնորհիվ համակրելի, տաղանդավոր, լուսակիր մաեստրո Սերգեյ Սմբատյանի: Շնորհակալ եմ, որ հնարավորություն տրվեց իրենց տիեզերական սիմֆոնիայում դառնալ մեկ հնչյուն:
-Կարծում եմ՝ դժվար կլինի ամբողջացնել, այնուամենայնիվ` ի՞նչ է երաժշտությունն ընդհանրապես, ու ի՞նչ ունի այս համերգը փոխանցելու հանդիսատեսին:
-Երաժշտությունն Աստծո հետ խոսելու լեզու է, ապրելակերպ է ինձ համար, քանի որ ֆիզիկական ու նյութական կյանքը պատվանդան է, սևագրություն, նախանվագ նախքան մահը, անմահությունը: Կյանքը պատվանդան է, արձանը երաժշտությունն է: Եվ, իրոք, երաժշտությունը մեզ տանում է դեպի երկինք, ի տարբերություն նյութական կյանքի՝ այնտեղ կա ներդաշնակություն, խաղաղություն, հաշտություն: Միջնադարյան պոետ Առաքել Սյունեցին հրեղեն խոսքեր է ուղղել Նարեկացուն՝ «Չարին հաղթեմ քո երգով, քաղցրանվագ քո դեղով»: Այո, երաժշտությամբ մենք նաև հաղթում ենք չարին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում