Մայր Աթոռում նշվեց 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակը
Նմանատիպ
Նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նշվեց 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակը: Զորամիավորումը կազմավորվել է 1992 թվականի նոյեմբերի 28-ին և մասնակցել արցախյան գոյամարտին:
Այս մասին տեղեկացնում է armchurch.info-ն։
Այս առիթով, ի նշանավորումն այս հոբելյանի, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք, որին ներկա էին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, պետական ավագանու ներկայացուցիչներ, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ԵԿՄ կենտրոնական վարչության անդամներ, 5-րդ բրիգադի կամավորականներ, երիտասարդ և պատանի երկրապահներ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ներկաները աղոթեցին Հայոց աշխարհի խաղաղության ու ապահովության, հայրենի սահմանների անառիկության և քաջարի հայ զինվորի աննկուն ոգու համար: Հոգևոր դասը նաև աղոթք բարձրացրեց Արցախյան հերոսամարտի ընթացքում զոհված հայ մարտիկների հոգիների հանգստության համար:
Արարողության ընթացքում խոսք ասաց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
«Այսօր բարձր նախագահությամբ և օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամենքս համախմբվել ենք հայոց Սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ նշելու 25-րդ տարեդարձը հայոց բանակի հիմնասյուներից մեկը կազմող 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի, որը կազմավորվեց արցախյան ազատամարտի ու հայոց անկախության պայքարի մաքառումներում:
Արցախյան ազատամարտը և հայոց անկախության հաստատումը ոչ այլ ինչ են, եթե ոչ մահվան մերժում և կյանքի հաստատում: 5-րդ բրիգադի մարտիկների կյանքը ընծայաբերվեց նվիրական այս գաղափարների իրագործմանը:
Խոսել կամավորականների այս խմբի կազմավորման մասին՝ նշանակում է վերապրել հայոց ազատագրական պայքարի հերոսական վերջին իրադարձությունները:
Հիշել 5-րդ բրիգադի կազմավորման մասին՝ նշանակում է վերակենսավորել 90-ականների հաղթական ոգին, ոգի, որ չի ճանաչում վախ, ոգի, որ մերժում է մահը, վանում անվստահությունը, ոգի, որ ներշնչված է Աստծուց ու թրծված Ավարայրի և Սարդարապատի հերոսամարտերում:
Մեր ժողովուրդը իր հոգում տակավին կրում է զրկանքների ու անգին կորուստների ցավը, որ վճարվեց հերոսական հաղթանակին հասնելու համար: Ցավերով ու կորուստներով հանդերձ մեր հոգին նորոգված է հաղթանակի բերկրանքով, մահվան դեմ հաղթանակի բերկրանքով: Մեր պատերազմը տակավին ավարտված չէ, սակայն: Իրավ է ասված, կյանքը պայքար է: Այս մասին է խոսում Քրիստոս, որ ասում է. «հուր եկա արձակելու երկրի վրա» (հմմտ. Ղուկ. ԺԲ 49):
Սա հուրն է սիրո՝ ընդդեմ ատելության, սա հուրն է խաղաղության՝ ընդդեմ պատերազմի, սա հուրն է համերաշխության՝ ընդդեմ խռովության և վերջապես սա հուրն է Կյանքի՝ ընդդեմ մահվան: Այս հուրը չի կարելի մարել, չի կարելի հրաժարվել այս հրից: Մեր ժողովուրդը պատմության իր խավարը ցրել է սիրո, համերաշխության, արդարության ու կյանքի այս հրով:
Տրվել պառակտման գայթակղությանը, փնտրել թշնամիներ յուրայինների մեջ, մերժել հեղինակություններին ու վարկաբեկել, կեղեքել, նվաստացնել ու անտեսել զրկվածներին՝ նշանակում է շիջանել մեր կյանքի հուրը, մեր ճամփի լույսը:
Մեր ժողովրդի զավակները իրենց կյանքը վճարեցին, որ մենք կյանք ունենանք, կյանքը վճարեցին, որ մենք ապրենք խաղաղ, ապրենք մեր ինքնության մեջ, խոսենք մեր լեզվով, ապրենք մեր հավատքով, պահենք մեր ավանդույթներն ու կենսաոճը, նվիրվենք մեր հայրենիքին, եկեղեցուն ու սրբազան արժեքներին: Այսպես պիտի ապրի Հայաստանը և այսպես մահվանը պիտի հաղթահարի հայությունը», – ասաց Արշակ եպիսկոպոսը:
Շնորհավորելով ամենքին 5-րդ բրիգադի տարեդարձի առիթով` Սրբազանը նաև իր խոնարհումը բերեց հայոց անկախության համար զոհված զինվորներին ու զորականներին:
Այս առիթով շնորհավորելով 5-րդ կամավորական բրիգադի հրամանատարին` Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին` Արշակ եպիսկոպոսն այնուհետ հրավիրեց Ամենայն Հայոց Հայրապետին օրհնելու հայոց նվիրյալ մարտիկներին:
«Պահպանիչ» աղոթքով օրհնելով ներկաներին` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ուղղեց ամենքին: Հայոց Հայրապետը մաղթեց, որ հայոց բանակի կամավորականների արիությունն ու քաջությունը ներշնչանք լինեն ազգի բոլոր զավակների և, ի մասնավորի, հայոց բանակի զինվորների համար, որպեսզի խաղաղության մեջ կերտվի հայրենի երկիրը, իրագործվեն հայ ժողովրդի դարավոր երազները և ապահովվի հայոց ազգի ապահով ու բարօր կյանքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում