Ստորագրվել է հայ-իրանական մշակութային համագործակցության գործնական ծրագիր

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի հրավերով՝ ս. թ. ապրիլի 18-20-ը պատասխան այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնիի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում են ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարի առաջին խորհրդական Ալի Ղոլի Ամիր Ահմադին, ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Մոհամմադի Շաքիբան, իսլամական խորհրդարանի պատգամավորներ Սեյեդ Ալի Թահերին և Կարեն Խանլարյանը, ինչպես նաև լրագրողական խումբ:

2013 թ. ապրիլի 19-ին, ժամը 10:00-ին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարության միջև 2013-2016 թթ. մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին» գործնական ծրագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը և ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին:

Ծրագրի համաձայն կողմերը կաջակցեն միմյանց պետություններում մշակութային շաբաթների կազմակերպմանը, երկու երկրներում կազմակերպվող միջազգային փառատոներին, մրցույթներին, ցուցահանդեսներին իրենց երկրների ներկայացուցիչների մասնակցությանը: Կինոյի բնագավառում կողմերը կհամագործակցեն համատեղ ֆիլմերի արտադրությանը, ինչպես նաև հայկական և իրանական համապատասխան ընկերությունների կողմից կազմակերպվող ֆիլմերի ցուցադրությանը: Գրադարանների և թանգարանների ոլորտում կաջակցեն մասնագետների, ուսանողների և փորձագետների փոխայցելություններին, սեմինարների և կոնֆերանսների կազմակերպմանը, ինչպես նաև գրքերի և պարբերականների փոխանակումներին: Կողմերը կաջակցեն Հայաստանի ազգային գրադարանի և Իրանի Իսլամական Հանրապետության արխիվի և ազգային գրադարանի միջև համագործակցությանը:

Այցի շրջանակում բարձաստիճան հյուրը կհանդիպի Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Ա. Գևորգյանի, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հ. Պողոսյանի և Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հ. Հակոբյանի հետ:

Հայաստան այցի ծրագրով նախատեսվում են նաև այցելություններ Էջմիածին, Զվարթնոց, Գառնի, Գեղարդ վանական համալիր, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան, Երևանի Կապույտ մզկիթ և այլն:

ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնիի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 20-ին Հայաստանից կմեկնի Իրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում