Քաղաքապետարան. քանդակը տեղափոխելու նախադեպ չի ստեղծվի, «Լեռնցիների պար»-ը համահունչ է տարածքին
Նմանատիպ
2012 թվականին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ’ Երևանի քաղաքապետին կից գեղարվեստի հանձնաժողովը քննարկել է քանդակագործ Տիգրան Արզումանյանի հեղինակած <<Լեռնցիների պար>> քանդակախումբը <<Դվին>> հյուրանոցի մերձակա հրապարակից այլ վայր տեղափոխելու հարցը, այն մտայնությամբ, որ տևական ժամանակ է, ինչ <<Դվին>> հյուրանոցը վերակառուցման փուլում է գտնվում և, հյուրանոցի հետ, պարսպից ներս է մնացել նաև քանդակաշարը’ հայտնվելով հանրության տեսադաշտից դուրս: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամները որոշել են քանդակը տեղափոխելու նախադեպ չստեղծել, մանավանդ, <<Լեռնցիների պար>>-ը համահունչ և ներդաշնակ է հենց տվյալ տարածքին:
Նախօրեին արդեն իսկ ՀՀ կառավարությունը, հանձինս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության, հաստատել է <<Դվին>> հյուրանոցի հետ կապված պայմանագրային փաթեթը:
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է պայմանագրի ավարտից հետո բանակցել սեփականատիրոջ հետ’ քանդակի հատվածում պարիսպը հետ տանելու և քանդակի անվտանգությունն ապահովելու երաշխիքով’ վերջինս տեսանելի դարձնելու շուրջ:
Երևանի քաղաքապետարանը իր մտահոգությունն է հայտնում հուշարձանի վնասվելու այսօր արձանագրված փաստի առնչությամբ:
Հաշվի առնելով, որ <<Լեռնցիների պար>> քանդակախմբի պատասխանատվությունը կրում է սեփականատերը՝ քաղաքապետարանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս պարտավորեցնի սեփականատիրոջը հատուցել <<Լեռնցիների պար>> քանդակախմբի վերականգնման գումարները’ ապահովելով նաև հուշարձանի անվտանգությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում