Ձերբակալվել է Վահե Ղուկասյանը
Նմանատիպ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահե Ղուկասյանը կասկածվում է սպանություն կատարելու համար:
Ապրիլի 23-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը (քավոր Հարութ) և Արտյոմ Կարապետյանը (Շեկո): Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ և 1 կրակված գնդակ:
Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Հարություն Խաչատրյանի բաճկոնի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» ատրճանակի 1 փամփշտակալ՝ 7 փամփուշտներով:
Այս գործի շրջանակներում երեկ ոստիկանություն էր բերման ենթարկվել ու հարցաքննվել նաև Վարդան Ղուկասյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում