Մոուրինյու. Բեքհեմին, Սքոուլզին ու Քինին հարցնելու եմ, թե ինչ էին անում առանց գնդակի
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է «Սևիլյայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղը: BBC Sport-ը հայտնում է, որ հարձակման գծում անհաջող խաղը պորտուգալացին կապել է այդ դիրքի ֆուտբոլիստների` պաշտպանությունում ծանրաբեռնվածության հետ: Այն հարցին, թե ինչո՞ւ թիմը չի փորձում թեթևացնել նրանց աշխատանքը, «յուրահատուկն» ասել է.
«Ինձ թվում է` ձեզնից շատերը նոր մարզաձև են ուզում հորինեն: Անգլիայում որոշ մարդիկ նույնպես ասում են, որ վինգերները չպետք է պաշտպանվեն: Հաջորդ անգամ, երբ հանդիպեմ Դևիդ Բեքհեմին, հարցնելու եմ նրան. «Դևիդ, երբ դու խաղում էիր ՄՅՈւ-ի աջ եզրում, ի՞նչ էր անում, երբ թիմը կորցնում էր գնդակը, իսկ մրցակցի ձախ պաշտպանը միանում էր գրոհին: Դու կանգնում ու նայում էիր տրիբունաների՞ն, թե՞ նահանջում էիր հետ»:
Բոլորը գիտեն, որ Փոլ Սքոուլզի ու Ռոյ Քինի հետ լավ հարբերությունների մեջ չեմ, բայց նրանց նույնպես կհարցնեմ, թե ինչ էին անում, երբ թիմը կրոցնում էր գնդակը: Այնպիսի տպավորություն է, որ բոլոր տաղանդավոր ֆուտբոլիստներին պետք է թույլ տանք իրենց ցանկությամբ խաղան: Իրականում, թիմի հարձակմանն ու պաշտպանությանը մասնակցում են բոլոր խաղացողները: Ժամանակակից ֆուտբոլում այդպես են խաղում»:
Մոուրինյուն կարծիք է հայտնել նաև պատասխան հանդիպման շուրջ իրավիճակի մասին.
«Եթե պատասխան մրցավեճում արդյունավետ ոչ-ոքի լինի, մենք պայքարից դուրս կմնանք, ուստի միայն հաղթանակ է հարկավոր: Բարդ է լինելու, բայց հավատում եմ, որ «Օլդ Թրաֆորդը» կարոտել է եվրագավաթային մեծ խաղերին: Նախորդ մրցաշրջանում սեփական մարզադաշտում անցկացրել ենք Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչն ու կիսաեզրափակիչը, բայց Չեմպիոնների լիգան այլ նշանակություն ունի»:
Պորտուգալացին անհամբեր սպասել է կիսապաշտպան Սքոթ Մակտոմինայի մասին հարցին և ուրախացել այն լսելուց հետո.
«Հարց Մակտոմինայի մասի՞ն: Կարո՞ղ եմ գրկել քեզ: Ինձ հարցեր են տալիս Պոգբայի մասին, իսկ իրականում պետք է Մակտոմինայի մասին լինեն: Սքոթը հիանալի կատարեց իր աշխատանքը: Նա ճնշում էր գործադրում Էվեր Բանեգայի վրա, ով «Սևիլիայի» գլխավոր խաղարկողն է: Սքոթը փայլուն գործեց:
Ինչ վերաբերվում է Պոգբային… Մեր կիսապաշտպանությունը հաջող սկսեց հանդիպումը և Պոլը փոխարինման մտնելով պետք է ջանքեր գործադրեր, որ համապատասխաներ այդ ռիթմին: Նրա խաղը դրական տպավորություն թողեց:
Էրրերայի վնասվա՞ծքը: Կարծում եմ` այն լուրջ է»,- ավարտել է 55-ամյա մասնագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում