Աղվան Հովսեփյանը անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների ոլորտում կարևորեց կանխարգելիչ միջոցները
Նմանատիպ
Անչափահասների մասնակցությամբ, նրանց դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում Քննչական կոմիտեի հետևողական աշխատանքի շնորհիվ հաջողվել է արձանագրել դրական արդյունքներ, սակայն անհրաժեշտ է ուժեղացնել կանխարգելիչ միջոցները:
ՀՀ քննչական կոմիտեում մարտի 21-ին տեղի ունեցած «Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունը» թեմայով գիտագործնական միջազգային կոնֆերանսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ ՀՀ ՔԿ նախագահը նշեց, որ Հայաստանում քննչական կոմիտեի ձևավորման պահից մշտապես ուշադրության կենտրոնում է գտնվել անչափահասների դատավարական իրավունքի և շահերի պաշտպանությունը:
Նա նշեց, որ ապրելով գլոբալացման դարաշրջանում, անչափահասները իրենց տարիքային, հոգեբանական, սոցիալական հատկանիշներից ելնելով կարող են ընկնել այլ անձանց ազդեցության տակ:
«Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանում երեխաների դեմ ուղղված հանցագործությունների աճի միտում է գրանցվում, սակայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է: Երեխաների նկատմամբ հիմնականում կատարվում են սեռական բնույթի, առողջության, կյանքի, ազատության դեմ ուղղված հանցագործություններ»,- ասաց Հովսեփյանը:
ՀՀ քննչական կոմիտեում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2015-16 թթ. Հայաստանում կատարված բոլոր հանցագործությունների 1 տոկոսը կազմում են սեռական հանցագործությունները, ինչի մեծ մասը կատարվել է երեխաների նկատմամբ:
2015 թվականին ՀՀ ՔԿ վարույթում սեռական հանցագործությունների վերաբերյալ քննվել է 131 քրեական գործ, որոնցից 84-ը կատարվել է երեխաների նկատմամբ, 2016 թվականին քննվել է 157 քրեական գործ, որոնցից 110-ը՝ կատարված երեխաների նկատմամբ, իսկ 2017 թվականին քննվել է 161 քրեական գործ, որոնցից 101-ը երեխաների նկատմամբ է կատարվել:
Աղվան Հովսեփյանը նշեց, որ նկատվել է երեխաների նկատմամբ կատարված սեռական բնույթի հանցագործությունների որոշակի նվազում, այդուհանդերձ ցուցանիշը խիստ մտահոգիչ է, և փաստում է սոցիալական ծառայությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքը շարունակելու կարևորությունը:
«Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում կահավորվում են առանձին քննչական սենյակներ անչափահասների մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների համար: Հայաստանում կա նմանատիպ 17 սենյակ և շարունակվում են այդ ուղղությամբ աշխատանքները: Քննչական կոմիտեն գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել է վերապատրաստման հատուկ դասընթացներ, որոնց արդյունքում նեղ մասնագիտացում է ստացել 21 քննիչ: Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունները քննելիս հաշվի են առնվում սոցիալական, հոգեբանական, տարիքային առանձնահատկությունները»,- ասաց Հովսեփյանը:
Քննչական կոմիտեի խոսքով՝ կատարվող աշխատաքների արդյունքում հաջողվել է արձանագրել դրական արդյունքներ, սակայն հետագայում պետք է ավելացնել քննիչների քանակը այս ոլորտում:
«Անհրաժեշտ է նաև ուժեղացնել կանխարգելիչ միջոցներ՝ ուղղված ինչպես անչափահասների կողմից, այնպես էլ նրանց նկատմամբ կատարված հանցագործության նվազեցմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ընտանեկան բռնությանը, քանի որ հաճախ է պատահում. երբ ընտանիքը, որը պետք է պաշտպանի երեխային և նրա իրավունքները, ոչ միայն չի իրականացնում սույն գործառույթը, այլ նաև՝ խախտում է այն: Այդ կանխարգելիչ գործողությունները առաջին հերթին պետք է ուղղված լինեն երեխաների պաշպանությանը բացասական տեղեկատվությունից, որը բացասաբար է անդրադառնում երեխայի զարգացման և երեխայի դաստիարակության որակի բարելավման վրա ընտանիքում, ինչպես նաև դպրոցում»,- ասաց Հովսեփյանը:
Քննչական կոմիտեի նախագահը կարևորեց նաև խնամակալության և հոգաբարձուների մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը, որոնք, ունենալով իրավասությունների լայն շրջանակ երեխաների պաշտպանության հարցում, գործում են թերի և ոչ պրոֆեսիոնալ, ինչին մեկ անգամ չէ, որ անդրադարձել են պետական և ոչ պետական մարմինները:
«Պետք է փաստել նաև, որ երեխաների պաշտպանության արդյունավետությունը կախված է ոչ միայն առանձին մարմինների և կազմակերպությունների համակարգային և պրոֆեսիոնալ մոտեցումից, այլ նաև նրանց միջև փոխշահավետ համագործակցությունից՝ ներառելով քաղաքացիական հասարակությունը»,- եզրափակեց Հովսեփյանը:
Կոնֆերանսի ընթացքում քննարկվել է անչափահասների նկատմամբ և մասնակցությամբ ընդհանուր վիճակը, համացանցում կատարվող հանցագործությունների ընդհանուր վիճակի, համացանցում կատարվող հանցագործությունների, անչափահասների նկատմամբ հանցագործությունների կանխման ոլորտում օրինաստեղծ գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում