Ոստիկանները փորձում են բացել Ֆրանսիայի հրապարակի երթևեկությունը. Փաշինյանը Մաշտոցի պողոտայով երթ է անում
Նմանատիպ
Ոստիկանները մեծաթիվ ուժերով փորձում էին բացել Ֆրանսիայի հրապարակի երթևեկությունը. նրանք օղակել են հրապարակը: Այնտեղից ավտոբուսով երիտասարդներ են տեղափոխվել: Առայժմ հայտնի չէ բերման ենթարկվածների թիվը:
Մինչ այդ, Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած հավաքի և երթի մասնակիցները Բաղրամյան պողոտայից շարժվել են դեպի Ֆրանսիայի հրապարակ: Նրանք ցանկանում են երթը շարունակել Մաշտոցի պողոտայով դեպի Կորյուն-Աբովյան: Ոստիկանության գնդապետը հինգ րոպե ժամանակ խնդրեց, ապա թույլ տվեց երթը:
Երթի մասնակիցների շարքում մեծ թիվ են կազմում անչափահասները: Բազմաթիվ դպրոցականներ են հայտնվել նրանց շարքերում:
Առավոտյան հավաքի մասնակիցները փակել էին Ֆրանսիայի հրապարակը, այնուհետև սկսեցին Բաղրամյան պողոտայով քայլել դեպի վարչապետի նստավայր և անարգել հասան այնտեղ: Նստավայրի մոտ միայն անվտանգությունը հսկող իրավապահներն են, այնուհետև ոստիկանական ուժերը համալրվեցին: Փաշինյանը երթի մասնակիցներին ուղղորդեց դեպի Ֆրանսիայի հրապարակ, որը օղակված է ոստիկանական ուժերի կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում