AM | RU
USD
EUR
RUB

Արցախյան ազատամարտ. Պատմում է Ռաֆիկ Մաթևոսյանը

 

Voskanapat.info լրատվական֊վերլուծական կայքն ու Times.am գործակալությունը ընթերցողների ուշադրությանն են ներկայացնում Արցախյան ազատամարտին վերաբերող պատմությունների և հարցազրույցների շարք։ Նոր խորագրի հիմնական նպատակն ընթերցողների լայն շրջանակին մեր հերոսների հետ ծանոթացնելն է։ Կփորձենք բացահայտել հետաքրքիր և ձեր ուշադրությանը ներկայացնել հերոսամարտի ամենահետաքրքիր պատմություններն ու դիպվածները։

Եվ այսպես, պատմում է Ռաֆիկ Մաթևոսյանը

Մեր տունը Հաթերքի ամենամեծ տներից մեկն էր։ Դա երկհարկանի մի հպարտ առանձնատուն էր, գյուղի չափանիշներով՝ բավականին շքեղ։ Գյուղացիք մեզ հարուստ էին համարում և մենք հպարտ էինք, որ մեր տան դարպասները երբեք կողպեք չէին տեսել։ Մեր բոլ ու շեն տուն ու տեղից մի ասեղ, անգամ, չէր կորչել։ Բայց մեր հարստությունը փողի մեջ չէր։ Հայրս գյուղի տրակտորիստն էր։ Ամբողջ գյուղի սերմացուն ինքն էր հողին պահ տալիս: Պատահում էր՝ գործի դիմաց մի հավ էր բերում, կամ կաթ ու պանիր, որից, իհարկե, մենք էլ ունեինք։ Պատահում էր, որ նրա վարձքը միայն երեկոյան ընթրինքն էր լինում։ Դա գյուղացիկան հարստություն էր, որը չափվում էր առողջ երեխաներով, բերքատու այգիներով, կաթնատու կովերով ու հաշիվը չհիշվող թռչուններով։ Դա արդար քրտինքով վաստակած երջանկություն էր, որի մեջ հոսում էր մեր մեծ գերդաստանի երջանիկ կյանքը, մինչև որ, շատերի նման, մթագնեց նաև մեր երջանկությունը։

Երբ բռնկվեց Արցախյան շարժումը, ես ուսանող էի։ Հանրահավաքներին մասնակցելն ինձ էն գլխից անիմաստ էր թվում, ես անմիջապես գյուղ եկա, որպեսզի գյուղի ինքնապաշտպանության գործի մասնակիցը լինեմ։ Մեր գյուղը, ճիշտ է, բարձրադիր է, բայց երկու կողմերից շրջապատված է ադրբեջանական գյուղերով։ Երբ սկսվեց արցախյան շարժումը, ՕՄՕՆ-ն ու ռուսական կանոնավոր բանակը եկան-լցվեցին մեր ձորակը։ Ծանր էր հատկապես Չափար գյուղի վիճակը։ Չափարի ու ադրբեջանաբնակ Գյառավանդ գյուղի միջև մի բարակ գետ էր միայն, և անձնագրային ռեժիմի պատրվակով, նրանց շատ էին նեղում։ Գյառավանդն ազատագրելու միտքը մեզ վաղուց էր զբաղեցնում, բայց առիթը հենց իրենք՝ ադրբեջանցիները տվեցին, երբ օրերից մի օր գերեվարեցին մեր գյուղացի Ժորային։ ՕՄՕՆ-ն ու ռուսական զորքն այդ օրերին միայն Գյառավանդում չէր տեղայկայված։ Ումութլուն՝ ներկայիս Ականաբերդը, նույնպես նրանց հավաքատեղին էր: Ժորային տարան Ումութլու: Գերեվարության լուրը կայծակի պես տարածվեց ձորակում՝ ոտքի հանելով մեծ ու փոքրին։ Ցավն ընդհանուրինն էր ու յուրաքանչյուրինը: Այս կամ այն պատրվակով մարդկանց քաշքշուկն ուրիշ բան է, անհիմն գերեվարությունը՝ այլ բան: Դա առաջին դեպքն էր մեր ձորակում: Ուստի պետք էր համարժեք հակահարված հասցնել, թե չէ, Աստված գիտի, ինչ կլիներ շարունակությունը: Պարզ է, թե ինչքան լարված պիտի լինեինք, ինչքան համախմբված ու կազմակերպված, չնայած որ այդ պայմաններում դժվար էր սառը գլխով գործելը: Մենք սխալվելու իրավունք չունեինք: Եվ ահա, այդ նույն օրը ռուսական 1 զրահամեքենա և 2 զինվորական մարդատար մեքենա Գյառավանդից դեպի Ումութլու պետք է անցնեին մեր գյուղով: Գյուղի կանայք հավաքվեցին ու չորս կողմից շրջափակեցին նրանց: 40 զինվորականի տեղափոխող շարասյունը կանգ առավ. կարելի է ասել՝ գյուղի կանայք հաղթող դուրս եկան այս առճակատումից: Անհրաժեշտ պահին հայտնվեցին մեր ֆիդայիները։ Պահանջը մեկն էր. Զինվորներին կազատեն միայն Ժորայի դիմաց: Բայց Ժորային ազատելը գործի առաջին կետն էր միայն։ Մենք վաղուց էինք աչք դրել ռուսական զենքին ու տեխնիկային: Առիթը եկել էր: Մենք զինաթափ արեցինք զինվորականներին: Բայց հետո էլ զինվորականներին չհանձնեցինք, այլ թաքցրեցինք՝ ավելին ստանալու ակնկալիքով։ Երբ զինվորականների գերավարման լուրը տարածվեց, ահագին աղմուկ բարձրացավ։ Բարձր պաշտոնի շատ մարդիկ խառնվեցին գործին, նույնիսկ Մոսկվայից պատգամավորներ եկան, բանակցություններ եղան, որից հետո ստիպված էինք ազատ արձակել նրանց։ Ասեմ, որ այս գործողությանը ես անձամբ չէի մասնակցում, քանի որ դեպքից ուղիղ յոթ օր առաջ ես ձեռքս կոտրել էի: Այս իրադարձությունից հետո գյուղում ռեյդեր սկսվեցին, քանի որ լուրեր էին տարածվել, որ բախման ժամանակ գյուղի երիտասարդներից մեկի ձեռքը կոտրվել է։ Մեր ջոկատի հրամանատարը գիշերով եկավ մեր տուն ու զգուշացրեց, որ ձեռքիս գիպսը հանեմ, թե չէ, հաստատ ՕՄՕՆ-ի ձեռքից պրծնողը չէի: Չնայած դեռ շատ շուտ էր գիպսը հանելու համար, բայց հանեցինք, տարանք մի հեռու տեղ թաքցրինք, որ հանկարծ չգտնեն։ Այդ օրերին մեր ձորակում բախումները առօրյա էին դարձել: Մենք ամեն օր նստում էինք հաց ուտելու և համոզված չէինք, որ մեր հացը չէին հարամելու: Այդպես էր օրինակ իմ ծննդյան 24-րդ տարեդարձը: Սեղան էինք գցել, բայց չէինք էլ հասցրել մի կտոր հաց դնել բերաններս, երբ լուրը եկավ, թե Գառավանդի թուրքերը հարձակվել են Չափարի վրա: Մինչև տեղ հասանք, արդեն մի քանի տուն էին վառել: Անփորձ, բայց երդվյալ զինվորականների նման մենք կռվի մտանք ու վերջապես մաքրեցինք Գյառավանդը ադրբեջանական կեղտից: Գյուղը մաքրեցինք, ճիշտ է, բայց մենք էլ կորուստ ունեցանք. Մեր լուսավոր տղաները՝ Մելսիկն ու Գագոն ճակատամարտից տուն չդարձան...

Այդ օրը ես առաջին անգամ ընկեր կորցրի, առաջին անգամ տեսա ավերակ դարձած տներ, առաջին անգամ զգացի վառվող տան խանձահոտը: Բայց, երբ 1992 թվականի ամռանը մենք ստիպված էինք նահանջելու մեր գյուղից, ես չտեսա, ես զգացի մեր տան խանձահոտը: Այդ հոտը մինչև հիմա ռունգերիս մեջ է: Ու հասկացա, որ ես դեռևս չգիտեի, թե ինչ է վառվող տունը, ինչ է ավերակված օջախը: Այրվողն իմ մանկությունն էր։ Անցայլի իմ երջանկությունը փլվում էր ուսերիս հետևում և ես անզոր էի պաշտպանել այն։ Հիշում եմ, թե ինչպես էի ուզում շրջվել, հետ դառնալ, բայց տաքգլուղ ջահելիս չթողին անիմաստ «հերոսություն» անել։ Ի՞նչ պիտի անեի, որ։ Ի՞նչ կարող էի անել...

Պատերազմի ժամանակ մենք գյուղացիներով, բարեկամ-հարազատներով աշխատում էինք իրար հետ, իրար կողքի լինել։ Օրինակ, երբ ես վիրավորվեցի, ինձ հանողը հորեղբորս տղան էր՝ Սամվելը։ Մինչև հիմա էլ «երեսովս» է տալիս։ Ասում է, որ իմանայի, թե ամիսը մի անգամ էլ չէիր գալու գյուղ՝ հետս քեֆ անելու, կթողնեի՝ արնաքամ լինեիր...

Ո՞վ կմտածեր, թե կգա ժամանակ, որ հայրենի տուն գնալը, հարազատներին տեսնելը այսքան դժվար կլինի։ Ոչ մի կերպ չի ստացվում։ Աշխատանքը լրիվ կլանել է մեզ ու առօրյա խնդիրների շրջապտույտում մարդկային ամենապարզ հաճույքներին տեղ չի մնում:

Իսկ նա իսկապես փրկել էր իմ կյանքը։ Դա Մաղավուզի պաշտպանության ժամանակ էր, 1994թ հունվարի 6-ին։ Ադրբեջանը մեծ հարձակում էր սկսել, այդ թվում ազատագրված Մազավուզի պաշտպանական դիրքերի վրա: Մեր դիրքում 40 հոգի էինք՝ արդեն ձևավորված Մարտակերտի գնդից: Բայց ճակատամարտը դեռ չսկսած, մենք հասկացանք, որ շրջափակման մեջ ենք ընկել: Գիշեր էր: Մարտը պիտի լուսաբացին սկսեր: Գիշերային մթության մեջ մեզնից վերևում գտնվող բարձունքում ես լույսեր էի նկատել: Որոշեցի հետախուզման գնալ դեպի այդ բարձունքը, որը բաժանում էր այս 40 հոգուս՝ մեր ընդհանուր ճակատից: Պարզվեց՝ բարձունքում ուկրաինացի վարձկաններ են: Իրավիճակը փրկել էր պետք, որովհետև մենք թակարդն էինք ընկել ու հայտնվել վարձկանների նշանառության տակ: Նրանք կարող էին առանց որևէ դժվարությամբ մեզ հատ-հատ սպանել, որովհետև բնական ոչ մի պատնեշ մեզ չէր պաշտպանում։ Բաց տարածք էր՝ ոչ ծառ, ոչ թուփ, ոչինչ։ Ճակատագրի հեգնանք էր՝ երկրի տերը մենք էինք, իրավիճակի տերը՝ վարձկանները: Որոշեցինք լույսը ծագելուն պես վեց հոգով, էսպես ասած, հետ գնալ, մաքրել մեր թիկունքը այդ ուկրաինացիներից, կտրել շրջափակման օղակը, ու հետո սկսել գրոհը:

Ձմեռային արևը լույս էր տալիս, բայց չէր ջերմացնում։ Սառը արևի առաջին աղոտ շողերի հետ սկսեց հրաձգությունը։

Պարզ էր, որ դժվար էր լինելու։ Մենք ոչ միայն թվով էինք քիչ, այլև անհարմար դիրքից էինք գրոհում: Բայց հենց հողն էր մեզ ուժ տալիս, որովհետև անհավանական բան էր բարձունքը բարձրանալն ու ազատագրելը: Դա հեշտ գործ չէր: Մեզնից երեքը զոհվեցին։ Մնացինք երեքով, բայց շուտով մեկն էլ ընկավ՝ ցավից գալարվելով: Ես բարձրացա բարձունքը, որտեղ մնացել էին վերջին երկու վարձկանները: Երբ արդեն նրանց հարցն էլ էր լուծված, ես հանկարծ զգացի, թե ինչպես թիկունքս ճեղքվեց, ուսս տաքացավ ու ես ընկա շուրջս փռված դիակների վրա։ Վայրկյաններ անց մթագնած ուղեղս զգաստացավ, վերագտա ինձ։ Առաջին վայրկյաններին չէի կարողանում որոշել. սպանվե՞լ եմ, թե՞ վիրավորվել։ Բայց շուտով վերադարձա իրականություն, իսկ այնտեղ մահն էր թագավորում։

Վեց հոգուց երեքը սպանվել էին, երկուսը, այդ թվում Շիրազ հորեղբայրս, վիրավորվել: Նրա տեսքն այքան զարհուրելի էր, որ կարծեցի, թե չի դիմանա: Երբ հիվանդանոցում իմացա, որ փրկվել է, գրեթե զարմացա: Երևի որոշ ժամանակ կորցրել եմ գիտակցությունս, կամ թե այդ ժամանակվա հիշողությունս է կորել, որովհետև չեմ հիշում, թե ինչպես դուրս եկանք օղակից, վերադարձանք մեր դիրք: Կարևորը, որ գործն արված էր, օղակը ճեղքել էինք, շուրջ 40 կյանք էր փրկվել: Բայց, ճիշտն ասած, չեմ էլ ափսոսում, երբեմն իրականությունը այնքան ծանր է, որ այն մոռանալ է պետք։ Գիտեմ միայն, որ ինձ Սամվելն էր հանում։ Ինքն է պատմում, ես չեմ հիշում։ Ասում է՝ ողջ ճանապարհին համոզում էի, որ թողներ ինձ ու գնար։ Բայց երևի ճիշտ է ասում․ նա վեց քրոջ միակ եղբայրն է, շատ էի դողում նրա կյանքի համար։ Չէի ուզում մազը ծռեռ։

Ամեն ինչ այնքան արագ էր կատարվել, որ կեսօրից առաջ արդեն քաղաք հասանք։ Մեզ ընդունեցին հանրապետական հիվանդանոցում։ Վիրաբույժ Ղուկասյանը օրվա վիրավորներին հերթով վիրահատում էր։ Ես փաթաթվել էի բուշլաթիս մեջ ու նստարանի մի անկյունում կուչ եկած լուռ արնաքամ էի լինում՝ իմ հերթը պարբերաբար զիջելով իմ զինվորներին։ Մոռացա նշել, որ ես դիրքի ավագն էի ու չնայած ես էլ բավական ջահել էի, բայց ինձնից փոքր շատերը կային, որոնց միշտ աչքի տակով հետևում էի։ Բժիշկը վերջինն ինձ ընդունեց։ Նա երկար ժամանակ ամոթանք տեղաց գլխիս, թե ինչու եմ լուռ նստել, երբ ամենածանր վիրավորը ես էի։ Արյան կորստից աչքերս մթնել էին։ Ճիշտ է, պատուհաններին ապակի չէր, ցելոֆաններ էին կապած, բայց ինձ թվում էր, թե խավարի մեջ եմ նստած։ Մինչդեռ խավարն իմ ներսից էր գալիս։ Զոհված ընկերներիս, արյունլվա հորեղբորս տեսարանը աչքերիցս չէր հեռանում: Չգիտեի, ինչպես պիտի ապրեի: Չգիտեմ, սրտիս վեքն էր ավելի խորը, թե ջարդված ուսիսը։ Բայց ինչերի՜ է ընդունակ դիմանալ մարդ արարածը...

Գնդակը կանգնել էր սրտիցս միլիմետրերի հեռավորության վրա։ Ես, փաստորեն հրաշքով էի կենդանի մնացել։ Դա Սուրբ Ծննդյան իմ ամենամեծ նվերն էր։

Հաթերքի ազատագրումից հետո, երկար ժամանակ այս ու այնտեղ պատսպարված ծնողներս առաջին մարդիկն էին, որ վերադարձան գյուղ։ Մեր այն հեքիաթային տնից միայն չորս պատ էր մնացել։ Հարևանի տունը քիչ-միչ կարգի բերեցինք, տուն հավաքվեցինք։ Մեր տունն այն աստիճանի էր այրվել, որ ավելի հեշտ կլիներ կողքը նորը սարքել, քան թե այն վերականգնել։ Բայց ծնողներս համառեցին. մենք մեր տանն ենք ապրելու:

Գյուղը կամաց-կամաց սկսեց ոտքի կանգնել: Սկզբում քիչ-քիչ, հետո ավելի վստահ սկսեցին լսվել աշխատող գործիքների ձայները, անասունների բառաչը, որոշ ժամանակ հետո նաև մանուկների աղմուկը: Գարունը եռուզեռ բերեց. Հայրս նորից նստեց տրակտորի ղեկին, գյուղը նորից սկսեց ապրել: Հետագայում տունն էլ կարգի բերեցինք: Ճիշտ է, դեռևս առաջին հարկը միայն։ Բայց, կարևորը, որ մեր տան օջախը առաջվա պես տաք է, առաջվա պես հյուրընկալ:

Պատմությունը գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

Լրահոս
Կառավարությունը նախագծանախահաշվային փաստաթղթեր կկազմի 3 ԲԿ-ի կառուցման համար «Армия 2019»-ի շրջանակում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների ձեռքբերման համար Նոր սկանդալ` ԵՊՀ-ում. Վահագն Վարագյանը չի հաստատում, բայցև ոչինչ չի բացառում Կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը 13 հազար դրամով բարձրացնելու նախագծին Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնսը առաջարկում են օնլայն բիզնեսի խթանման նոր լուծում Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը սահմանել 68 հազար դրամ Վերին Լարսի անցակետում Հայաստան եկող ավտոբուսի ձերբակալված վարորդն ազատ է արձակվել Բողոքի ակցիա. «Ոստիկանները երեխեքին ջարդելով շենքից դուրս են հանել» «Հրապարակ». Ռուսամե՞տ եք, թե՞ ռուսաֆոբ «Ժամանակ». Երբվանի՞ց գազը կթանկանա «168 Ժամ». Սահմանադրության օրը՝ հերթական ինդիկատոր «Փաստ». Վեթթինգի հայացեակարգը կազմողների թվում մեծ է օտարազգի փորձագետների թիվը «Փաստ». «Շպրտելու եմ դեմքներին». Սասուն Միքայելյանը վայր կդնի՞ մանդատը «Հրապարակ». ԵՊՀ-ում ճանապարհ են հարթում նոր ռեկտորի համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 27 Գյումրիում մեկնարկեց դասական երաժշտության փառատոն Իշխանությունների կողմից նոր հարձակում ԵՊՀ վրա Ուկրաինայի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն Պեսկովը չի բացառել, որ G20-ի շրջանակներում Պուտինն ու Թրամփն առանձին հանդիպում կունենան ԵԽԽՎ-ն ամբողջությամբ վերադարձրեց Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները Նիգերիայում զինված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ Նոտր Դամում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր. Անի Սամսոնյան Զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան Վրաստանի փոխվարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան Արագածոտնի փոխմարզպետն ազատվել է աշխատանքից Հայաստանում զինծառայող է մահացել Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն Մոսկվան ու Երևանը ստորագրել են ՀԱԷԿ-ին վառելիքի նոր մատակարարումների վերաբերյալ փաստաթղթեր Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար ԵԽԽՎ-ն պայմաններ է ներկայացրել Ռուսաստանի վերադարձի համար ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ-ում հակադարձում են ադրբեջանական կեղծ տեղեկություններին Իրաքի նախագահը բացառել է Իրանին հարվածելու համար իր տարածքն օգտագործելու հնարավորությունը Իվան Տելեգինը մասնակցել է Հայաստանում ՌԴ Դեսպանատան միջոցառմանը «Ժամանակ». Անվճար երթուղի կստեղծվի՝ Զվարթնոց-Թբիլիսի «Հրապարակ». Նախկին գլխավոր դատախազը՝ ՍԴ շուրջ իրադարձությունների մասին «Ժամանակ». Գործարարները շարունակում են հիմնավորել «ՀԿԵ»-ի կոռումպացված գործունեությունը «Հրապարակ». Նոր իշխանությունների թիմը բազում կապեր ունի նախկինների հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan