Yerevan
18
+25°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

«Փաստ». Նիկոլ Փաշինյանը կդառնա՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար

«Փաստ». Նիկոլ Փաշինյանը կդառնա՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստի» տեղեկություններով, եկող տարվա սկզբին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրելու է համաժողով, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի կուսակցության վարչության թվակազմը մեծացնելու հարցը: Բանն այն է, որ կուսակցությունը, լինելով իշխող ուժ, ունենալով խորհրդարանական մեծամասնություն և կազմելով ողջ կառավարությունը, խնդիր ունի առավել շատ մարդկանց ընդգրկել վարչության կազմում: Համաժողով հրավիրելու փաստը մեզ հետ զրույցում հաստատեց ՔՊ մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը՝ հավելելով, որ ժամկետների հետ կապված դեռևս որոշակիություն չկա:

Մեր աղբյուրները նաև պնդում են, որ համաժողովից հետո կհրավիրվի վարչության նիստ, որին կուսակցության կանոնադրությամբ վերապահված է վարչության նախագահի ընտրությունը: Ամենայն հավանականությամբ, նորընտիր վարչությունը վարչության նախագահ կընտրի Նիկոլ Փաշինյանին: Այդպիսով, ըստ էության, պաշտոնապես կամրագրվի Փաշինյանի՝ կուսակցության իրական ղեկավար լինելու փաստը: Հիշեցնենք, որ հիմա ՔՊ վարչության նախագահը Սասուն Միքայելյանն է, իսկ Նիկոլ Փաշինյանը վարչության անդամ է: ՔՊԿ մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը նշեց, որ «տեսականորեն դա հնարավոր է», սակայն այս պահին դեռևս այդ թեմայով որևէ քննարկում չի եղել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում