Ադրբեջանի կողմից կա բանակցային գործընթացին պատրաստ լինելու իմիտացիա. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի կողմից կա բանակցային գործընթացին պատրաստ լինելու իմիտացիա. Տիգրան Աբրահամյան

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Փետրվարի 10-16-ը ադրբեջանական կողմը այն խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: Շփման գոտում առկա վիճակի և ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

Պարոն Աբրահամյան, մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանն Արցախի ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: Այս հանգամանքի առկայությունը որքանո՞վ է տեսանելի դարձնում ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի հաջողության համար խաղաղության մթնոլորտի հաստատման հավանականությունը:

Անհրաժեշտ մթնոլորտի ապահովումը միայն կրակոցների ինտենսիվությամբ չէ պայմանավորված, կան մեծ թվով այլ գործոններ, որոնք առավել հստակ են դարձնում ընդհանուր պատկերը: Դրանք սկսվում են Ադրբեջանից հնչող հայտարարությունների ինտենսիվությունից, սրությունից, տրվող ուղերձներից՝ վերջացրած սպառազինության մեծածավալ գնումներով: Այս շարքը կարող է երկար շարունակվել:

Եթե Ադրբեջանը հայկական կողմի հետ հանդիպումներում փորձում է դրական տրամադրվածություն ցույց տալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, ապա ինչո՞վ են պայմանավորված սահմանին նրանց կողմից անընդհատ կրակոցները:

Այդքան էլ էական չէ, թե ինչ մոտեցում կամ տրամադրվածություն են ի ցույց դնում Ադրբեջանի նախագահը կամ արտգործնախարարը Հայաստանի իրենց գործընկերների հետ հանդիպումներում, էականն արդյունքն է, որը չկա: Կա ընդամենը պարզ տեղեկատվական մանիպուլյացիաներ, գործընթացին պատրաստ լինելու իմիտացիա և ոչ ավելին:

Չնայած կրակոցների թվին, այնուամենայնիվ խոսվում է ադրբեջանական կողմից որոշ պասիվության մասին: Այս մասին խոսվում էր նաև ամռանը, երբ նշվում էր, որ պատերազմի վերսկսման մեծ վտանգ կա: Արդյոք այդպիսի վտանգ կա՞ նաև այժմ, երբ Ադրբեջանը դարձյալ նույն պասիվությունն է ցույց տալիս:

Ռազմական գործողությունների վերսկսման վտանգ և եղել է ապրիլի երկրորդ կեսից և ամառվա ընթացքում: Իսկ ո՞վ է ասում, որ գարնան վերջին կամ ամառվա ամիսներին պասիվություն է եղել: Ավելին՝ բացի զրահատեխնիկայի, հրետանու կուտակումներից, հակառակորդը առաջին գիծ էր դուրս բերել նաև ուժային տարբեր կառույցների հատուկ նշանակության ստորաբաժանումներին: Ակտիվություն կամ պասիվություն ասվածը միայն սահմանին կրակոցների առկայությամբ չէ պայմանավորված: Ակտիվություն ասվածն իր մեջ ենթադրում է զորքերի ակտիվ տեղաշարժ, կուտակումներ, ինժեներական աշխատանքներ, տարբեր խմբերի՝ հատկապես հատուկ նշանակության ստորաբաժանումների ներկայություն առաջնագծում: Էլ չեմ ասում, որ ակտիվություն ասվածը նաև ենթադրում է քաղաքական հայտարարություններ, քարոզչություն, տեղեկատվական ապահովում և այլն:

Ադրբեջանի նախագահն ու պաշտպանության նախարարը աչքի են ընկնում նաև ագրեսիվ հռետորաբանությամբ: Այս պայմաններում որքանո՞վ է իրատեսական կանխատեսել, որ բանակցային գործընթացում դրական տեղաշարժ կարձանագրվի:

Ի՞նչ դրական տեղաշարժի մասին է խոսքը, եթե բանակցություն ասվածն առհասարակ բացակայում է: Ադրբեջանի այս պահվածքն արդեն իսկ ձախողման առաջ է կանգնեցնում բանակցությունների վերսկսման հնարավորությունը: Ադրբեջանը բաց տեքստով հայտարարում է, որ այս տարիներին միլիարդներ է ծախսել իր բանակը ուժեղացնելու և տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, որովհետև ժամանակակից աշխարհում հարցերը լուծվում են ոչ թե ճշմարտության, այլ ուժի տեսանկյունից: Չկան բանակցություններ, և Ադրբեջանն էլ այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, որովհետև իր համար արդեն որոշել է, որ իր համար լուծման արդյունավետ ճանապարհը ուժի կիրառմամբ անելն է: Մնացած «գեղարվեստական մանրապատումները» իր որոշումը հիմնավորելու փաթեթավորումն են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում