Նրանք ունեն այլ նպատակներ ևս՝ Երևան, Սյունիք, Սևան և այլն. Բաբայան

Նրանք ունեն այլ նպատակներ ևս՝ Երևան, Սյունիք, Սևան և այլն. Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Aysor.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խոսելիս շատ կարևոր է ճիշտ տերմինաբանությունը, իսկ ճիշտը հետևյալն է՝ «ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն», Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

Դիտարկմանը, որ մարտի 29-ին Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ Twitter-ի գրառումում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը նշել էր, որ «քննարկվելու է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը»՝ չնշելով «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, Բաբայանն արձագանքեց.

«Մենք անընդհատ պայքարում ենք, որ տերմինաբանությունը ճիշտ օգտագործվի, իսկ ճիշտ տերմինաբանությունը հետևյալն է՝ «ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն»։ Ադրբեջանական կողմն օգտագործում է «հայ-ադրբեջանական՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն», հիմա Լեռնային Ղարաբաղն էլ որ հանում են, դա դարձնում են հակամարտություն երկու ժողովուրդների միջև, որը սարսափելի բան է։ Այսինքն, դրանով ցույց են տալիս, որ միայն Ղարաբաղի խնդիրը չէ այստեղ։ Պատճառն այն է, որ նրանք ունեն այլն նպատակներ ևս՝ Երևան, Սյունիք, Սևան և այլն»։

Նրա խոսքով՝ տերմինաբանական այս սխալը հաճախ է կիրառվում նաև հայկական կողմից.

«Մենք էլ պետք է դա հասկանանք ու գոնե մեր լրատվական, քաղաքական, փորձագիտական դաշտում ճիշտ տերմինաբանություն օգտագործենք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում