ՔՈ-ն դիմել է գլխավոր դատախազին՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահանջով

ՔՈ-ն դիմել է գլխավոր դատախազին՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով․

1․ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը՝ պատգամավորի լիազորությունների դադարեցումը ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում:

2․ Օրենքով նախատեսված կարգով անցկացնել քննություն` պարզելու ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված հանցակազմի առկայության վերաբերյալ։

Նույն տեսանյութերի հիմքով դիմում է հղվել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրանքով, որ․

1․ Իրականացնել համապատասխան գործողություններ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի կատարման համար, այն է՝ Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելը։

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածների համաձայն ստեղծել պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և անցկացնել քննություն խնդրո առարկայի վերաբերյալ:

«Մանրամասնելով, նշենք, որ խոսքը վերաբերվում է ապօրինի ձեռնարակատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածին, ինչի հաստատման դեպքում նշված պատգամավորի լիազորությունները պետք է դադարեցվեն։ Հայաստանի Հանրապետությունում բիզնեսը պետական կառավարման համակարգից պետք է տարանջատված լինի և վերջ», -նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում