Հունաստանը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի տնտեսական գոտում

Հունաստանը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի տնտեսական գոտում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Հունաստանը դատապարտել է Թուրքիայի անօրինական գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և պահանջել է դադարեցնել դրանք, հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Կատրունգալոսը՝ Թուրքիայի իր պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո:

Ավելի վաղ Անկարան «Ֆաթիհ» հորատման նավն ուղարկել է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի, որտեղ գազի հանքավայրեր են հայտնաբերվել: Թուրքիան գտնում է, որ իրավունք ունի շահագործել տարածաշրջանի բնական հարստությունները։

«Ես ամենախիստ ձևով հայտնեցի, որ մենք դատապարտում ենք Թուրքիայի միակողմանի ապօրինի գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և պահանջում ենք դադարեցնել դրանք», – ասել է Կատրունգալոսն՝ ավելացնելով.

«Միևնույն ժամանակ մենք քննարկեցինք Էգեյան ծովում լարվածությունը թույլացնելու անհրաժեշտությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում