Քոչարյանի պաշտպան. ՍԴ-ն չի կարող ուղղակի ոչինչ չանել

Քոչարյանի պաշտպան. ՍԴ-ն չի կարող ուղղակի ոչինչ չանել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: «Ստեղծվել է հակաօրինական, ամբողջությամբ օրենքի կարգավորման շրջանակներից դուրս, օրենքով չնախատեսված, անգամ տրամաբանությանը հակասող իրավիճակ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործով վարույթն առաջին ատյանի դատարանի որոշմամբ կասեցվելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին:

«Առաջին ատյանի դատարանը որոշել էր դիմել Սահմանադրական դատարան և այդ հիմքով կասցնել գործի քննությունը։ Առաջին ատյանի դատարանը համապատասխան դիմումն ուղարկել է Սահմանադրական դատարան։ Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, մենք պատրաստվում ենք գնալ Վճռաբեկ դատարան, մեր գնալու ժամկետները, հնարավորությունները սպառված չեն»,- ասաց պաշտպանը։

Նման իրավիճակում ի՞նչ պետք է անի Սահմանադրական դատարանը հարցին ի պատասխան Հ.Ալումյանը նշեց. «Օրենքով այս հարցին պատասխան չկա, բայց ինչ էլ որ անի, իր արածը պետք է ստանա ինչ- որ մի նյութեղեն տեսք՝ որոշման տեսք, գրության տեսք։ Չի կարող ուղղակի ոչինչ չանել, կամ պետք է որոշում կայացնի՝ ընդունել քննության, կամ որոշի մերժել քննության ընդունումը։ Չի կարող դատարանի գործողությունները կամ դատարանի կողմից որևէ գործողություն անելուց հրաժարվելը չունենալ նյութեղեն ձևակերպում»,- նշեց Հայկ Ալումյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում