Հովհաննես Խուդոյան. Մեկ տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի գործով տեսանք բոլոր հնարավոր խախտումները

Հովհաննես Խուդոյան. Մեկ տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի գործով տեսանք բոլոր հնարավոր խախտումները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Մեկ տարի առաջ՝ 2018-ի հուլիսի 26-ին մեղադրանք առաջադրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

ՀՔԾ տարածած հայտարարության մեջ ասված էր. «2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»։ Նույնը օր նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվեց, դատարանը բավարարեց այն։

Ի՞նչ է տեղի ունեցել անցած մեկ տարում, ինչի՞ են ականատես եղել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։ Panorama.am-ն այս հարցն ուղղեց փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանին։

«Մեկ տարվա ընթացքում տեսանք վարույթն իրականացնող մարմնի ու դատախազության հրապարակային հայտարարություններն այն բանի մասին, որ իրենք պատրաստակամ են օրենքի սահմաններում բացահայտել մարտի 1-ի գործը, սակայն մեկ տարվա ընթացքում հասկացանք, որ նրանց գործողությունները բոլորովին այլ ուղղությամբ են՝ կոնկրետ անձանց մեղադրանքներ առաջադրելու և դրանք ամեն կերպ պահելու ու դատարան հասցնելու համար»,- ասաց փաստաբանը։

Նա ընդգծեց, այդ գործողություններին հասնելու համար այդ մարմինները հետ չմնացին դատավարական և նյութական բոլոր հնարավոր խախտումներից։

«Մեկ տարվա ընթացքում այս գործով տեսանք հնարավոր գրեթե բոլոր խախտումները, որոնք կարող են թույլ տրվել քրեական դատավարության ընթացքում։ Մենք տեսանք անհիմն առաջադրված, չպարզաբանված մեղադրանք, մենք առաջին անգամ տեսանք՝ դատարանում կալանավորման հարցը քննելիս հնարավորին ամեն ինչ արվեց, որ պաշտպանական կողմը զրկված լինի գործի նյութերին ծանոթանալու ու դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, մեզ նյութերի մի մասը տրամադրվել էր կալանքի նիստից րոպեներ առաջ»,– թվարկեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը։

Նա շարունակում է՝ այս ընթացքում տեսել են դատարանի ապօրինի որոշում, առաջինը առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ որոշումն էր։

«Հետագայում տարածված տեղեկատվության համաձայն, հասկացանք, որ այդ որոշումը նախապես էր պլանավորած՝ հեռախոսային արդարադատության շրջանակներում։ Տեսանք, որ Հայաստանի Հանրապետությունում մի շարք պաշտոնատար անձին, որոնք քրեական վարույթի հետ պետք է կապ չունենային, անմիջական մասնակցություն ունեն ունեն այդ վարույթին, անմիջական հրահանգներ են տալիս, օժանդակում են բոլոր անօրինական գործողությունների ու դատավարական խախտումների իրականացմանը։ Խոսքը և Հատուկ քննչական ծառայության պետի մասին է, և Ազգային անվտանգության տնօրենի, և վարչապետի»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանի խոսքով, իրենք տեսել են ճնշումներ ու հետապնդումներ Ռոբերտ Քոչարյանի գործով իշխանությունների ցանկությանը հակառակ որոշում կայացրած դատավորների նկատմամբ, նրանց դեմ օգտագործվել են հնարավոր բոլոր վարչական ռեսուրսները։

«Դա արվում է այդ դատավորներին ու այդ գործով հնարավոր այլ դատավորներին սպառնալիքներ հասցնելու համար, դատական համակարգի հեղինակությունը նվազեցնելու, հասարակության մեջ դատական համակարգի նկատմամբ անվստահություն սերմանալու համար»,- կարծիք հայտնեց նա։

Խախտումներից ամենասարսափելին, ըստ Խուդոյանի, դատավոր Դանիելյանի կողմից պաշտպանական կողմին ելույթի հնարավարությունից զրկելն էր։

«Իսկ եթե միայն մեր գործի տեսանկյունից չնայենք, այլ ընդհանուր դատական համակարգի, ապա ամենասարսափելին դատարանների նկատմամբ ճնշումներն են, որոնք սկզբնական փուլում թաքնված էին, հետ գնալով սաստկացան։ Այսօր արդեն բաց տեքստով, հրապարակային այդ ճնշումը կա։ Հիշենք դատարանների արգելափակումը, հիմա էլ ամեն կերպ փորձ է արվում Սահմանադրական դատարանի նկատմամբ ոչ իրավաչափ ճնշումներ գործադրվել»,– ասաց Panorama.am-ի զրուցակիցը։

Որո՞նք են լինելու ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի հետագա գործողությունները։ Խմբի անդամն ասում է՝ շարունակելու են շարժվել օրենքով։

«Մեր գործողությունները համապատասխանեցնում ենք օրենքին՝ ի տարբերություն վարույթն իրականացնող մարմնի։ Մեր գործողություններով, բողոքներով, գանգատներով ու միջնորդություններով, դատական նիստերի ընթացքում հնչեցրած ելույթներով արդեն իսկ ցույց ենք տվել, որ գործն ի սկզբանե դատարկ է եղել, եթե վարչապետի խոսքերով ասենք, ապա գործը ջուր է, ինչպես իրեն զեկուցում էին դատարաններից։ Մեր հանրությունն ի վերջո պետք է հասկանա, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ քննության ընթացքում իրենց հետ անկեղծ չեն եղել, հետապնդում են ոչ թե արդար նպատակներ գործի բացահայտման ու տուժողների, նրանց հարազատների իրավունքների վերականգնման վերաբերյալ, այլ նպատակը պարզապես քաղաքական հարցերի լուծումն է՝ կոնկրետ անձանց քաղաքական հետապնդման ենթարկելու միջոցով»,– պնդեց փաստաբանը։

Այս պահին փաստաբանները Մարդու իրավունքների եվրոպական դատարան 7 գանգատ են ներկայացրել, դրանք հիմնականում վերաբերում են Ռոբերտ Քոչարյանի կալանքին։

Փաստաբանական թիմը խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացրել, գործընթացն արագ կազմակերպելու համար դատարանին են տրամադրել նաև գործի նյութերը։ Չնայած միջնորդությունը պետք է քննվեր անմիջապես, բայց մինչ այս պահը դատավոր Դավիթ Գրիգորյանը հարցին չի անդրադարձել։

«Ես չգիտեմ հիմա պարոն Գրիգորյանի դուռը կնիքված է, թե ոչ, բայց երբ միջնորդությունը ներկայացրեցինք, դատավորը ոչ արձակուրդում էր, ոչ էլ ինչ-որ խնդիրներ ուներ։ Այն ժամանակ պետք է այդ միջնորդությունը քններ։ Մենք այդ դժգոհությունն ունենք դատավորից ու նրա աշխատակազմից։ Նա որևէ խոչընդոտ չի ունեցել այդ միջնորդությունը քննելու հետ կապված։ Դա ամենակոպիտ խախտումն է, որ մինչև հիմա շարունակվում է։ Սա առկա խախտում է ու մեր ներկայացրած միջնորդությունը, արդեն մեկ ամիս է, չի քննվում։ Սրա վերաբերյալ արդեն Եվրոպական դատարան դիմել ենք ու ևս մեկ անգամ դիմելու ենք։ Ակնկալում ենք, որ պարոն Գրիգորյանն արձակուրդից հետո գործողություններ ձեռնարկելու է»,– ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում