Սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 10 տոկոսով

Սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 10 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 05 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն, փոփոխություններ կկատարվեն «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 1 մլրդ 665 մլն 675 հազար դրամով։

Ինչպես կառավարության նիստում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ելնելով հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող մանկավարժների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությունից, նախարարությունը 2019 թվականի սեպտեմբեր ամսից նախատեսում է ուսումնական հաստատություններում աշխատող մանկավարժների աշխատավարձերի դրույքաչափերի 10% աճ։ Այդ նպատակով և սույն որոշմամբ 1 մլրդ 665 մլն 675 հազար դրամը ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է տրամադրել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից:

Այսպիսով, ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 10 տոկոսով։ Նախարարը նշեց, որ երկար տարիներ ուսուցիչների աշխատավարձը չի բարձրացել։

Նախարարը նշեց, որ երկար տարիներ ուսուցիչների աշխատավարձը չի բարձրացել։
Արայիկ Հարությունյանը նաև ասաց, որ պատրաստվում են սահմանել ֆինանսավորման բանաձև դպրոցների համար, որտեղ մեկ դրույքի նվազագույն շեմ կսահմանեն 108 հազար դրամը:

«Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ և հույս ունեմ, որ հունվարից դա կունենանք, ինչը թույլ կտա կանխատեսելի դարձնել համակարգը, ֆինանսավորումը ավելի արդար կլինի, հաշվի կառնվեն դասարանների թիվը, թերբեռնվածությունը և այլն»,- ընդգծեց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ խոսքը 38 հազար ուսուցչի աշխատավարձի բարձրացման մասի՞ն է, Արայիկ Հարությունյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ նրանցից յուրաքանչյուրի ֆիքսված աշխատավարձը կբարձրանա 10 տոկոսով։

Նախարարը նաև ասաց՝ ֆեյք կայքերի միջոցով տարածում էին, թե հանրակրթական դպրոցներում համատարած կրճատումներ են արվում, որպեսզի ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնեն, սակայն, ըստ նրա, հիմնականում կրճատվել են 65-ից բարձր տարիք ունեցող ուսուցիչները։

«Այսինքն՝ կրճատումները եղել են սովորական, այնպես, ինչպես նախկինում էր։ Հիմնական կրճատումները կապված են եղել տարիքային շեմի հետ։ Մենք ուսումնական պլաններ չենք կրճատել, որի արդյունքում դրույքաչափեր կկրճատվեին»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ այս ամենի նպատակը ուսուցիչների կողմից պատշաճ որակ ապահովելն է։

«Մենք պետք է համոզված լինենք, որ մեր դպրոցներում աշխատում են բավարար պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող ուսուցիչներ: Իսկ դրա համար աշխատավարձերի բարձրացումը պետք է պահենք մեր ուշադրության կենտրոնում: Նաև պետք է մեխանիզմ ունենանք՝ հասկանալու համար, թե որոշումներն ինչպես են ազդում հանրակրթության որակի, ուսուցիչների աշխատանքի որակի վրա։ Իհարկե, չենք համարում, որ սա հեղափոխական աճ է, բայց մյուս կողմից սա գործընթացի մեկնարկն է և դա կշարունակվի, եթե մեխանիզմները ճիշտ կառուցենք, որ աշխատավարձերի բարձրացումն ուղիղ առնչություն ունենա կրթության որակի բարձրացման հետ»,- նշեց վարչապետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում