Ալեն Սիմոնյանը չմեկնաբանեց Փաշինյանի հանդիպումը Սասնա ծռերի ներկայացուցիչների հետ

Ալեն Սիմոնյանը չմեկնաբանեց Փաշինյանի հանդիպումը Սասնա ծռերի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Չի բացառվում, որ Ամուլսարի հանքն ընդհանրապես չշահագործվի, չի բացառվում նաև հակառակ տարբերակը: «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ նիստի ժամանակ քննարկվել է Ամուլսարի հարցը:

Հարցին, թե երբ է հարցը լուծվելու, Սիմոնյանը նշեց՝ երբ վստահ լինեն որոշման մեջ, քանի որ ռիսկի տակ դնել չի կարելի բնությունը, ինչպես նաև Հայաստանի միջազգային վարկանիշը:

Այսօրվա նիստում բացառապես քննարկվել է Ամուլսարի հարցը, պնդեց ԱԺ փոխխոսնակը՝ հավելելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցը նիստում չի քննարկվել:

Ինչ վերաբերում է Էդգար Առաքելյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումին, Սիմոնյանը նշեց, որ պետք չէ դա կապել Ամուլսարի հետ՝ հավելելով, որ վերջինս դեռ խմբակցության անդամ է, դրա համար է այսօր մասնակցել նիստին:

Սիմոնյանը չմեկնաբանեց վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ՝ նշելով, որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում. «Այսօրվա նիստում քննարկվել է միայն Ամուլսարը»:

Հարցին, թե խմբակցությունն անհանգստացած չէ արդյո՞ք, որ վարչապետը հանդիպում է մի ուժի ներկայացուցիչների հետ, որոնց պնդմամբ այսօրվա խորհրդարանը կես տարվա կյանք ունի, ԱԺ փոխխոսնակը բացասական պատասխան տվեց:

Քոչարյանի գործով Սիմոնյանը հայտնեց, որ իրավական պրոցես է ընթանում, որը ստանալու է իր տրամաբանական ավարտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում