Որպես այս երկրի քաղաքացիներ՝ թույլ չենք տալու, որ իրավական պետությունից անցում կատարվի դեպի ջունգլիներ. Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Որպես այս երկրի քաղաքացիներ՝ թույլ չենք տալու, որ իրավական պետությունից անցում կատարվի դեպի ջունգլիներ. Միհրան Հակոբյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Որպես այս երկրի քաղաքացիներ՝ մենք թույլ չենք տալու, որ իրավական պետությունից անցում կատարվի դեպի ջունգլիներ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալելու որոշման դեմ պաշտպանների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը:

«Որովհետև եթե չկա իրավական պետություն, եթե մենք իրավական ռեժիմում չենք ապրում, սահմանադրական կարգը վերջնականապես տապալվում է, ստացվում է, որ սա ջունգլիներ է, ով ավելի ուժեղ է, ավելի շատ մարդ ունի և կարող է ավելի շատ ուժ գործադրել, նա էլ հաղթելու է»,- ասաց նա:

Միհրան Հակոբյանը նշեց, որ ՀՀ-ում հաստատված ռեժիմը այս գրոհը կշարունակի այնքան, որքան կկարողանա: ««Այնքան մինչև հասարակությունը կասի «ստոպ», այլևս չի կարելի, ես թույլ չեմ տալիս: Հասարակությունը, ժողովուրդը պետք է դեմն առնեն, որովհետև ռեժիմը նախ բռնազավթեց գործադիր, ապա օրենսդիր իշխանությունը, այսօր փորձում է բռնազավթել դատական իշխանությունը վերջնականապես, որից հետո գալու է լրագրողների հերթը, գրոհով վերցնելու են և թույլ չեն տալու իրենց լուսաբանել, քանի որ կա՛մ ինքը նստած կլինի, կա՛մ էլ իրենց թույլ չեն տա լուսաբանել»,-ասաց նա:

Միհրան Հակոբյանը նշեց, որ այն քայլերը, որ կատարվում են Արսեն Բաբայանի անձի հետ կապված, բացահայտ, բոլորի համար հասկանալի ապօրինությունների դաշտից են: «Ստացվում է, որ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարն ասում է, որ մարտի 2-ին է մուտք արվել դիմումը, ԱԺ նախագահն ասում է, որ ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում, Արսեն Բաբայանը դա պնդում է, բայց իրեն ձերբակալում են: Ձերբակալության մասն ինքնին արդեն իսկ քաղաքական գործունեության շարքից է, և բռնաճշնումների շարքից է և բոլորի համար է պարզ, որ սա կապված է Հրայր Թովմասյանի հրաժարականին հասնելու քայլերի հետ»,-ասաց նա:

Քաղաքական գործիչը նշեց, որ անկախ այն հանգամանքից, թե դատարանն այսօր ինչ որոշում կկայացնի՝ հանրության մտահոգ, ակտիվ հատվածը պետք է իր մտահոգությունը բարձրաձայնի պետության իրավական ապագայի հետ կապված:

«Ընդհանրապես բոլոր մարդիկ, ովքեր ուզում են ապրել իրավական համակարգում, իրավական պետության մեջ, պետք է իրենց ձայնը բարձրացնեն իրենց ներկայությամբ, իրենց որոշակի բողոքի ակցիաներով, ով ինչպես կարող է , «Ֆեյսբուքում», փողոցում, թե տանը կլինի, բոլորը պետք է բարձրաձայնեն… Արսեն Բաբայանով հարցը չի սահմանափակվելու»,-ասաց նա:

Միհրան Հակոբյանը նշեց, որ ոչ մեկի համար մեր երկում այլևս գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացած ձևով ցանկանում է Հրայր Թովմասյանին հեռացնել ՍԴ նախագահի պաշտոնից։

«Կատարվում են այս քայլերը Հրայր Թովմասյանի դեմ, սկզբում սանիկներին են ձերբակալում, հետո հոր հետ կապված՝ տան տանիքի, հետո երեխաների հետ կապված, հիմա Հրայր Թովմասյանին ճանաչողներին են փորձում ձերբակալել, հետո կալանավորել։ Ով Հրայր Թովմասյանին բարև է տվել, մի տեղ հետևից գնալու են, որպեսզի այդ բռնաճշնումները շարունակեն։ Այլ ճշմարտություն փնտրելն այստեղ անշնորհակալ գործ է, դրա մասին գիտեն բոլորը մեր երկրում, ցավոք, մի մասը դեռևս լռում է, մի զգալի մասը դա բարձրաձայնում է և գնալով այդ ձայնը ավելի լսելի է դառնալու»,-ասաց նա:

ԱԺ նախկին պատգամավորը նշեց, որ ինքն այստեղ եկել է ոչ միան Արսեն Բաբայանին աջակցություն հայտնելու համար, այլև ասելու, որ բոլորի հետևից են գալու:

Լրագրվողների հարցին, թե իրեն թիրախում համարում է, Միհրան Հակոբյանն ասաց, որ համարում է այնքաով, որքանով ինքը որոշել է բարձրաձայնել ՀՀ-ում առկա խնդիրները: «Եվ ես պատրաստ եմ կրել իմ չափ զրկանքները՝ ընդհուպ մինչև դատապարտվել, եթե գտնում են, որ պետք է դատապարտեն, խոսքի իրավունքը սահմանափակեն և իրենց ընդդմախոսներին լռեցնեն բանտարկելու տարբերակով, ես դրան էլ եմ պատրաստ»,– ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում