Աբրահամ Խաշմանյան. Եթե ղեկավարությունը կորոշի, որ այս ամենի մեղքն իմն է, ես պատրաստ եմ վաղն ամեն ինչ վերջացնել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Այս կատարյալ ֆիասկոն այսօր արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը»,-Իտալիայի հետ խաղում 1:9 հաշվով պարտությունից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
Նա նշել է, որ հավաքականի ղեկը ստանձնելուց պատկերացրել է, որ կարող է նման բան լինել։
«Կարելի է ասել, որ ամբողջ հարվածը վերցրել եմ ինձ վրա։ Այսօր միգուցե սխալ է ասել, որ մենք ազգային հավաքականով էինք ներկայացել, այլ ներկայացել էինք ուղղակի հավաքականով, որովհետև հավաքականի գրեթե ամբողջ հիմնական կազմը խնդիրների, վնասվածքների պատճառով չկա։ Եթե ղեկավարությունը կորոշի, որ այս ամենի մեղքը իմն է, ես պատրաստ եմ վաղն ամեն ինչ վերջացնել։ Եթե ղեկավարությունը կորոշի, որ ես շարունակեմ աշխատանքները, ես ամեն ինչ, ամբողջովին պետք է փոխեմ, որովհետև, ըստ ինձ, ոչ մի բան չի համապատասխանում ազգային հավաքականին, անգամ մտածելակերպը»,- ասել է Ա. Խաշմանյանը։
Նա նշել է, որ նման հաշվով պարտություններից հետո ոչ մի պատճառաբանություն չի կարելի բերել և ասաց այն ամենը, ինչ մտածում է:
Եվրո-2020-ի J խմբում Հայաստանի թիմը գրավեց նախավերջին տեղը՝ անցնելով միայն Լիխտենշտեյնին։
Հիշեցնենք, որ Աբրահամ Խաշմանյանը հայաստանի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել նոյեմբերի 6-ից: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում