Անհոգ եղեք, ուժերը բավարար են, ջրի մատակարարումը բավարար է. անպայման կմարենք. Վրեժ Գաբրիելյան (Տեսանյութ)

Անհոգ եղեք, ուժերը բավարար են, ջրի մատակարարումը բավարար է. անպայման կմարենք. Վրեժ Գաբրիելյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհի մարումը ակտիվ հրդեհաշիջման փուլում է: Քիչ հետո մեկուսացում կհայտարարվի, որից հետո հրդեհաշիջման աշխատանքները կշարունակվեն, որպեսզի հարևան շենքերին վտանգ չսպառնա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Գաբրիելյանի խոսքով՝ տարածքի 50 քառակուսի մետրը մինչև հրշեջ-փրկարարների գալը այրվել էր, իսկ հրդեհաշիջման ընթացքում ևս 200-ն է այրվել: Նա նաև նշեց, որ հրդեհի մարման գործընթացը բարդանում է շենքի հին լինելու պատճառով:

Հարցին, թե նման հրդեհները սովորաբար ինչի՞ց են առաջանում, Գաբրիելյանը պատասխանեց, որ միանշանակ մարդկային գործոնի արդյունք է: «Անհոգ եղեք, ուժերը բավարար են, ջրի մատակարարումը բավարար է. անպայման կմարենք: Միանգամից չի լինի»,- ասաց նա և պաշտոնապես հայտարարեց, որ հրդեհն այս պահին ոչ մի կողմի վրա չի կարող զարգանալ:

Գեներալ-մայորը ներկայացրեց, որ հրդեհի բարդությունը 3-րդ աստիճան է և, մտածելով, որ հրդեհը ավելի կզարգանար, 3-րդ կանչ են հայտարարել, որպեսզի անվտանգությունը ապահովելու համար ուժերը բավարար լինեն:

Նա նաև նշեց, որ հրդեհը առաջինը նկատել և ահազանգ է տվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում