Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում ՊԵԿ-ի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում ՊԵԿ-ի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: 15։58 Ցուցարարները պահանաջում էին հանդիպում՝ վարչապետի, ոստիկանապետի և ՊԵԿ նախագահի հետ: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրավապահ կառույցներից այցելելու եմ ավտոներկրողներին, ստուգումներ իրականացնում և գործեր հարուցում՝ պահանջելով եկամտահարկ վճարել դեռ 2017-ին ներկրված և վաճառված մեքենաների համար շ:

Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ իրենց առաջարկել են հանդիպել նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ:

15:29

Ավտոներկրողները Պետական եկամուտների կոմիտեի դիմաց ակցիա են անում: Նրանք պահանջում են փոխել ոլորտի քաղաքականությունը: Ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը: Ավտոներկրողներն իրենց պահանջները գրավոր փոխանցեցին՝ մաքսատունը Գյումրիից տեղափոխելու, աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի, բեռնափոխադրման և այլ հարցերի հետ կապված:

«Մաքսատունը արդյունավետ չի աշխատում, մեքենաները բեռնաթափող կազմակերպության աշխատանքի հետևանքով մեքենաները վնասվում են: Կարաք հրապարկեք ձեռնարկության, ընկերության անունը, մեկ էլ, թե ով է դրա սեփականատերը, ինչ տենդեր է եղել: Իմ ոչ պաշտոնական տվյալներով՝ հենց Գյումրու մաքսատան պետն է»,- խոսնակին դիմելով՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիայի մասնակցի խոսքով՝ իշխանությունները զբաղվածության և գործարարության խթանման համար քայլեր չեն ձեռնարկում, այլ՝ ճիշտ հակառակը:

«ՊԵԿ-ի քաղաքականության և վարչարարության հետևանքով ադրբեջանական գործարար հատվածը ֆինանսավորում է ստանում: Մեղադրանք եմ հնչեցնում, թող մեկը կանգնի ու ասի՝ նման բան չկա: Տնտեսավարող սուբյեկտի պոտենցիալը մեկ ամսում կազմում է 15 մեքենա, բայց ներկայիս կառավարման համակարգի պատճառով բերում են ոչ 15, այլ 5 մեքենա, դիտավորյալ ներկրումների հետ կապված տեմպը դանդաղեցրել են: Ղազախները ՀՀ սահմանը չանացած ստանում են ՀՀ գրանցում, Վրաստանից միանգամից գնում են Դուբայ՝ մեքենա գնելու՝ որպես ՀՀ քաղաքացիներ, և շրջանցում են մեր տնտեսավարողներին»,- նշեց մասնակիցը՝ հավելով, որ աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի պատճառով ներկրվող մեքենաների ղեկը փոխում են Վրաստանում, իսկ այդ ոլորտում հիմնականում ադրբեջանցիներ են աշխատում:

Ավտոներկրողները փակեցին Խորենացի փողոցի երթևեկելի հատվածի մի մասը: Ոստիկաները փորձում են այն բացել: Այս պահին ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունենում:

15:10

Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում ՊԵԿ-ի դիմաց։ Նրանք պահանջում են թույլ տալ իրենց աջ ղեկով մեքենաները ներմուծել Հայաստան և վերասարքավորել դրանք այստեղ։

Ավտոներկրողների բողոքի ակցիային կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում