Սեբաստիան Կուրցը երկրորդ անգամ դարձել է Ավստրիայի կանցլեր

Սեբաստիան Կուրցը երկրորդ անգամ դարձել է Ավստրիայի կանցլեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը հունվարի 7-ին երդում է տվել կառավարությանը՝ կանցլեր Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ, գրում է ria.ru-ն։

Սա արդեն երկրորդ կառավարությունն է՝ Կուրցի գլխավորությամբ։ 2017-ի դեկտեմբերին ձևավորված առաջին կառավարությունը կազմալուծվել է 2019-ի մայիսին՝ նախկին փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեի շուրջ սկանդալի ֆոնին:

Արարողությունը տեղի է ունեցել դաշնային նախագահի գրասենյակում: Նախքան նոր կառավարության երդումը, Ավստրիայի նախագահը պարտականություններից ազատել է առաջին կին կանցլեր Բրիգիտտե Բիրլայնի ղեկավարությամբ անցումային շրջանի կառավարությանը։

Անցած չորեքշաբթի Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունը պայմանավորվել է «Կանաչների» հետ կառավարական կոալիցիա կազմելու շուրջ։ Նոր կաբինետը բաղկացած է 17 անդամից՝ կանցլերից, փոխկանցլերից, 13 նախարարներից և երկու պետքարտուղարներից:

Այսպիսով` Կուրցը կրկին վերադարձել է Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնին, «Կանաչների» առաջնորդ Վերներ Կոգլերը դարձել է փոխկանցլեր, ինչպես նաև պետական ծառայության և սպորտի հարցերի նախարար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում