Սամաթիայի հայ կանանց վրա հարձակվելու մեջ մեղադրվող Մուրաթ Նազարյանը հերքել է մեղադրանքները

Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց վրա հարձակում գործելու մեղադրանքով ձերբակալված Մուրաթ Նազարյանը դատական առաջին նիստի ժամանակ հերքել է բոլոր մեղադրանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Մեղադրող կողմի իրավապաշտպան Էրեն Քեսքինը, հիշեցնելով, որ հանցագործության ժամանակաշրջանում մի քանի հարձակումներ են տեղի ունեցել տարեց կանանց նկատմամբ, ընդգծել է, որ հանցագործությունների ընդհանրությունն այն է, որ թիրախում եղել են ազգությամբ հայեր: Քեսքինն արձանագրել է, որ կատարվածի ուսումնասիրությունը թույլ է տալիս մտածել, որ հանցագործությունը հիմնված է ատելության հողի վրա: «Կարծում ենք, որ հանցագործության մեջ մեկից ավելի մեղավորներ կան»,- ասել է նա:

Իր հերթին մեղադրյալը’ Մուրաթ Նազարյանը, դատական նիստի ժամանակ հայտարարել է. «Ասելու ոչինչ չունեմ: Ես ոչ ոքի չեմ սպանել»: Դատարանը որոշել է հետաձգել նիստը’ կալանքի մեջ պահելով Նազարյանին:

Ստամբուլի Սամաթիա թաղամասում առաջին հարձակումը 87-ամյա հայուհի Թուրհանդա Աշըքի վրա տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին: Հանցագործը դաժանորեն ծեծել է նրան, ինչի հետեւանքով կինը կորցրել է ձախ աչքը: Երկրորդ հարձակումը կատարվել է դեկտեմբերի 28-ին, որի ժամանակ հանցագործը սպանել է 84-ամյա Մարիցա Քյուչյուքին եւ վրան դանակով խաչ նկարել: Հաջորդ հարձակումները տեղի են ունեցել հունվարի 6-ին, 22-ին եւ փետրվարի սկզբին: Այդ հարձակումների ժամանակ հանցագործը ծեծել է տարեց կանանց, ինչի հետեւանքով նրանցից մեկը’ 83-ամյա Սուլթան Այքարը, կորցրել է մի ? ?չքը, իսկ մյուսի աչքը վիրահատել են:

Ստամբուլի ոստիկանությունը մարտի 4-ին ձերբակալել է Մուրաթ Նազարյանին, ով, ըստ թուրքական ոստիկանության, տարեց հայ կանանց վրա հարձակումներ էր գործել «կողոպուտի» նպատակով: Ստամբուլի ոստիկանության հայտարարության մեջ նշված է, որ Ֆաթիհ թաղամասում ձերբակալված 40-ամյա կասկածյալը նախկինում ևս դատապարտված է եղել նման հանցագործություններ կատարելու համար:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հանցագործը տարեց կանանց թալանելու փորձ չի արել: Բազմաթիվ լրատվամիջոցներ եւ հասարակական գործիչներ կարծիք էին հայտնել, որ հանցագործությունները կատարվել են էթնիկ հողի վրա’ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թուրքական կողմի’ հայերին վախեցնելու գործողությունների շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում