Իրանը մերժել է միջուկային նոր գործարք կնքելու Թրամփի առաջարկը

Իրանը մերժել է միջուկային նոր գործարք կնքելու Թրամփի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանում մտադիր չեն որևէ համաձայնագիր ստորագրել, որով փոխվելու են միջուկային հարցով կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմանները: Այս մասին հաղորդում է РИА Новости՝ մեջբերելով նախարարի գրառումը:

«Մենք դրա համար չենք ստորագրել «Օբամայի գործարքը», որպեսզի այժմ այն փոխարինենք «Թրամփի գործարքով»»,- գրել է Զարիֆը Twitter-ում:

Վերջինս հավելել է, որ եթե նույնիսկ Իրանը համաձայնի այդ քայլին, որևէ երաշխիք չկա, որ մեկ տարի անց անհրաժեշտություն չի առաջանա փոխել համաձայնագրի պայմանները, եթե 2020-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին հաղթի դեմոկրատ թեկնածուն։

Իրանական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է շարունակել համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ և վերադառնալ միջուկային ծարգրով իր պարտականությունների կատարմանը, եթե պատժամիջոցները չեղարկվեն և պաշտպանվեն իրանական կողմի՝ գործարքով նախատեսված շահերը:

Հիշեցնենք, որ Իրանի հետ նոր միջուկային համաձայնագիր մշակելու մտադրության մասին Թրամփը հայտնել էր Իրանի վերաբերյալ հայտարարության ժամանակ, որը հաջորդել էր ԱՄՆ ավիահարվածների հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն ու Իրաքում ամերիկյան ավիաբազաների հրթիռակոծմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում