Իրանում Ալի Խամենեիի հրաժարականը պահանջող ակտիվիստները դատապարտվել են ընդհանուր առմամբ 72 տարվա ազատազրկման
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Իրանի երկրորդ ամենամեծ քաղաքում` Մաշհադում, դատարանը 8 ցուցարարի և ակտիվիստի դատապարտել է ընդհանուր առմամբ 72 տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է radiofarda.com կայքը:
Այս անձինք ևս 6 մարդու հետ բաց նամակ էին գրել, որում կոչ էին արել Իրանի բարձրագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին հրաժարական տալ:
Այս 8 անձանց փաստաբան Մոհամմադ Հոսեին Աղասին փետրվարի 2-ին ներկայացրել է բոլոր դատավճիռները:
Աղասին նշել է նաև, որ դատարանն իրեն տեղյակ չի պահել որոշման մասին, և նա պետք է գնա երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ` ստանալու դատավճռի կրկնօրինակը:
2019 թվականի հուլիսի 10-ի բաց նամակում 14 քաղաքացիական ակտիվիստ կոչ էր արել Խամենեիին հրաժարական տալ և պահանջել էր արմատական փոփոխություններ կատարել հանրապետության սահմանադրությունում:
Նամակը ստորագրողների թվում են եղել Թեհրանի համալսարանի նախկին ռեկտոր Մոհամմադ Մալեքին, «Մոհամմադ Նուրիզադ» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Գոհար Էշքին, որի որդին տանջամահ է արվել բանտում, և ուսուցիչների իրավունքների պաշտպան Հաշեմ Խասթարը:
Նամակի հեղինակները կոչ են արել «նոր ազգային շարժում» սկսել` նշելով, որ Խամենեին օրեցօր մեծացնում է իր անարդար իշխանությունը:
«Սահմանադրության վերջին փոփոխություններից ելնելով` ոչ մի կասկած չկա, որ նախագահն ու խորհրդարանի անդամները հանդիսանում են բարձրագույն առաջնորդի պալատականները: Մարդիկ, որոնք զրկված են իրենց երկրին փառք բերող մարդկանց ընտրելուց, ընտրում են այնպիսի մարդկանց, որոնք բարձրագույն հոգևոր առաջնորդի ձեռքի խաղալիքներն են»,- ասված է նամակում:
Նամակը ստորագրած անձինք մեղադրվել են «իշխանափոխության աջակցության» համար և ձերբակալվել են:
Աղասիի խոսքով` Աբդոլ-Ռասուլ Մորթազավին դատապարտվել է 26, Մոհամադ Հոսեին Սեփեհրին 6 տարվա ազատազկման, Հաշեմ Խասթարը` 16 տարվա ազատազրկման և 3 տարվա աքսորի Նիքշահր քաղաք, 15-ամյա Մոհամմադ Նուրիզադեին 3 տարի արգելվել է լքել երկրի սահմանները: Մյուսներն արժանացել են ավելի մեղմ պատիժների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում