Երկրում կա թե սննդամթերքի, թե դեղորայքի բավարար պաշար. Թորոսյան

Երկրում կա թե սննդամթերքի, թե դեղորայքի բավարար պաշար. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Panorama.am: «Ոչ մեկ չի ասում ռեստորանի աշխատողին մի եկեք գործի և ոչ էլ ռեստորանի տիրոջը փակել ռեստորանը, սակայն մասսայական միջոցառումները՝ լինի հարսանիք, կնունք և այլն, արգելվում են»,– այսօր լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ինչ վերաբերում է պարենի, դեղորայքի մատակարարմանը, ապա, ըստ նրա, դրանք ամբողջությամբ մնում են նույնը. «Այսինքն՝ երկրում կա թե սննդամթերքի,և թե դեղորայքի բավարար պաշար: Այդ մասով մենք խափանումներ չենք սպասում: Ավելին՝ սահմանային արգելքը չի վերաբերում բեռներին և, կարծում ենք, որ այս իրավիճակը կկարողանանք հաղթահարել»։

Հարցին, թե ինչպիսի լուծում է տեսնում կառավարության ներկայացուցիչը օրավարձով աշխատողների դեպքում, որոնք արդեն գոյատևման խնդիր ունեն, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատելու է գործիքակազմի վրա, թե ինչպես անի, որ տնտեսական վիճակը երկրում հարթ անցնի: Վստահ եմ՝ տեղյակ եք, որ տնտեսական խնդիրներ կարող են լինել ողջ աշխարում: Մոտ օրերս ավելի մանրամասն անդրադարձ կլինի այս խնդրին»:

Ինչ վերաբերում է թեստերի ապահովմանն, ապա Թորոսյանն այդ մասով մտահոգության առիթ չի տեսնում: Նա ասաց, որ ապահովված ենք թեստերով, իսկ թե երբ կստանան նոր խմբաքանակ, ժամկետները հայտնի չեն:

Նախարարի խոսքով ՝ ակնկալում են երկու տեսակի թեստերի ստացում՝ թքով և արյունով հետազոտության համար:

«Թքովը կօգտագործվի սահմանային անցակետերում, իսկ արյունովը՝ բժշկական առաջնային օղակներում: Տեղեկացնեմ նաև, որ այս պահին մաքսազերծում է անցնում 3500 թեստ, այս շաբաթ նախատեսված է ևս երկու հազար: Այսինքն՝ մոտ հինգ հազար մարդ ու կարող ենք սպասարկել»,- եզրափակեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում