Թուրքիայում առաջին անգամ հայի ինքնությունը վիրավորելու համար դատական գործ է հարուցվել

Թուրքիայում սռաջին անգամ «հայ» բառն իբրև վիրավորանք օգտագործելը համարվել է հանցագործությունը: Ազգությամբ հայ հորն ու որդուն «հայ գյավուրներ» անվանած երկու թուրքի դեմ հարուցվել է դատական գործ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը:

Թուրք Յուսուֆ Փոլաթը և Մեհմեթ Զահիթ Փոլաթը հայազգի Լևոն Բալջըօղլուին և նրա որդուն’ Արթուն Բալջըօղլուին վիրավորելով հայտարարել էին. «Հայեր, այս երկիրը մերն է: Ձեզ սպանելու եմ, ոտքերդ կոտրելու եմ»: Ստամբուլի դատախազությունը թուրքերի արած հայտարարությունը համարել է վիրավորանք և դատական գործ է հարուցել «նվաստացնելու, վիրավորանքի և սպառնալու» մեղաադրանքով:

Յուսուֆ Փոլաթի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 125/1 և 216/2 հոդվածներով, որը ենթադրում է «ժողովրդի մի մասի սոցիալական խավի, կրոնի, դավանանքի, սեռական պատկանելության վրա հենվելով հրապարակավ ստորացնելու և վիրավորելու» մեղադրանքով: Նշվում է, որ դատարանի կողմից մեղադրական վճիռ արձակելու դեպքում թուրքերը կարող են դատապարտվել 6 ամսից մինչև 2 տարի ազատազրկման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում