5-րդ ալիքի տնօրեն. Այս գործողությունը նախապես կազմակերպված է եղել

5-րդ ալիքի տնօրեն. Այս գործողությունը նախապես կազմակերպված է եղել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am5-րդ ալիք հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում պնդում է՝ Արցախում իր ղեկավարած հեռուստաընկերության հեռարձակման դադարեցումը պայմանավորված չէ տեխնիկական խնդիրներով, ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Արցախից ստացած հիմնավորումներին նա հակադարձում է փաստերով։

«Այսօր արդեն կարող եմ ասել՝ ոչ, տեխնիկական խնդիրներով չի պայմանավորված հեռարձակման դադարեցումը»,– ասաց Հ. Հարությունյանը։

Նրա խոսքով, ինքը երեք օր բանակցությունների մեջ է եղել Արցախի Հանրապետության պետական տարբեր մարմինների հետ, իր համար հասկացել ու հիմնավորել է, թե ինչն ինչոց է։

«Երեկ դեզերտիր անկախ պատգամավորն ապացուցեց, հաստատեց, որ խնդիրը տեխնիկական չէ։ Ավելին, ես հենց իր շրջանակից եմ լսել, որ նման բան է լինելու, այսինքն՝ այս գործողությունը նախապես կազմակերպված է եղել։ Նույն այդ պատգամավորը գրեց՝ փակեցին, նա որտեղի՞ց գիտեր, որ փակել են, եթե խնդիրը տեխնիկական է»,- ասաց հեռուստաընկերության տնօրենը՝ ի նկատի ունենալով պատգամավոր Արման Բաբաջանյանին ու նրա ֆեյսբուքյան մեկնաբանությունները հեռարձակման դադարեցման վերաբերյալ։

Հարություն Հարությունյանը մանրամասնում է, որ 5-րդ ալիք հեռուստաընկերությունը եղել է մի սարքի վրա՝ մյուս հեռուստաընկերությունների հետ միասին։

«Հիմա եթե ասում են, կայծակը խփել է, սարքը փչացել է, ուրեմն մյուսների հեռարձակումն էլ պետք է դադարեր։ Չի կարող նույն սարքի վրա լինել տասը հեռուստաընկերություն, մի քանիսը մնան, չվնասվեն, 3-4-ը՝ վնասվեն։ Չկա նման բան»,- խնդրի շուրջ ունեցած կասկածները ներկայացրեց նա։

Հարությունյանը խոսել է նաև «Արցախ կապ» ՓԲԸ ղեկավարի հետ, առաջարկել տեխնիկան վերականգնելու համար իրենց օգնությունը։

«Մինչ երեկ ես այս բանակցությունների մեջ էի, դեզերտիր անկախ պատգամավորը հաստատեց, որ խնդիրը տեխնիկական չի և դա քաղաքական է, այսինքն՝ նա տեղյակ էր դրանից, պարզ է, չէ՞, նրա տեղեկացվածությունը որտե՞ղից է։ Իսկ տվյալ պատգամավորն այսօր հասարակ մարդ չի, մի քանի երկրների ծառայություններ մատուցող անձնավորություն է։ Դա ես չեմ ասում, «Վիկիլիքսն է ասում, նա կարող է դատի տալ «Վիկիլիքս»-ին»,- ասաց նա։

Հարությունյանի խոսքով, հեռուստաընկերությունն Արցախում չի հեռարձակվում հունիսի մեկից։ Անցած երեք օրերի ընթացքում ինքը տարբեր գերատեսչությունների, մարմինների հետ կապ է հաստատել։ Հեռարձակման դադարի մասին ինքը չի հայտարարել, բայց դրա մասին բարձրաձայնել է նույն պատգամավորը։

«Ես էլի կլռեի, եթե նա չգրեր դա։ Նա հաստատեց, որ խնդիրը տեխնիկական չէ»,- ասաց հեռուստաընկերության տնօրենը։

Նա «Արցախ կապ» ՓԲԸ-ի ղեկավարությունից հետաքրքրվել է, եթե խնդիրը տեխնիկական է, ապա ե՞րբ կվերացվի այն։

«Ինձ ասում են՝ համավարակ է, սարքը Փարիզից պատվիրել ենք։ Սուտ, Փարիզից ոչ մեկ այդ սարքը չի պատվիրում, էդ սարքերն ուրիշ տեղերից են գալիս, ոչ թե Փարիզից։ Հիմա ասում են, չգիտենք, երբ տեղ կհասնեն։ Հասկանո՞ւմ եք, չեն ասում, երկու օրից կամ մեկ ամսից կհասնեն»,- Արցախից լսածը փոխանցում է Հարությունյանը։

Նա հիշեցնում է՝ ապրանքը պատվիրելու դեպքում, տվյալ խանութը գնորդին տրամադրում է կոդ, որի մուտքագրման միջոցով մարդը հնարավորություն է ստանում հետևել, թե որտեղ է հասել իր պատվերը։

«Հիմա էս մարդիկ ոչինչ չգիտեն, երբ կգա։ Ասում են՝ պանդեմիա է, տրանսպորտը կանգնած է, ի՞նչ իմանանք։ Դա նշանակում է, որ խնդիրը կարող է ձգվել օրինակ մեկ տարի, երկու տարի, երեք տարի։ Ախր աշխարհն էնքան թափանցիկ է դարձել, իսկ մենք այնքան պրիմիտիվ սուտ ենք խոսում, որ ասելու չի»,- ասաց նա։

«Շողակաթ» հեռուստաընկերության հեռարձակման դադարեցումն էլ նա մասամբ պայմանավորում է Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ունեցած վերաբերմունքով, հալածանքներով։

«Սա իմ վերլուծությունն է, Աստված տա, ես սխալվեմ։ Բայց «Շողակաթ»-ի մասով, կարող եմ այդպես մտածել։ Եթե օտարերկրյա ծառայությունների գործակալ պատգամավորն ավետում է Արցախում փոփոխությունների մասին, ապա ես սարսափով եմ մտածում, թե ինչ կարող է լինել այնտեղ։ Եթե որևէ մեկը համարում է, որ սա աննապատակ արված քայլ է, չարաչար սխալվում են։ Ես գրել եմ, որ սա նախավարժանք է, տեսնենք, թե ինչ է տեղի ունենալու հետո։ Պետք է հետևել այդ պատգամավորի էջին, ինքը հաճախ ստացած հանձնարարությունների մասին բարձրաձայնում է»,- ասաց նա։

Հեռուստաընկերության տնօրենի խոսքով, իրենք խնդրի լուծման համար դատական ճանապարհով չեն գնա։

«Ես Արցախի դեմ նման բան չեմ անի։ Սրանք ժամանակավոր խնդիրներ են, Արցախը մնայուն է»,- ընդգծեց նա։

«Արցախկապ» ՓԲԸ-ին Panorama.am-ի ուղղված զանգերն առայժմ անպատասխան են մնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում