Միթե՞ վարչապետը չի տեսել, որ ՀՀ դրամի վրա ինչ-որ ուրիշ, իր համար տարօրինակ մարդկանց նկարներ են. քաղաքագետ

Միթե՞ վարչապետը չի տեսել, որ ՀՀ դրամի վրա ինչ-որ ուրիշ, իր համար տարօրինակ մարդկանց նկարներ են. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, FacebookՍկզբից ՀՀ Ոստիկանությունն էր բարձրախոսերով տեղեկացնում քաղաքացիներին հակահամաճարակային կանոնների մասին: Հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց ուղղել այդ «անարդարությունը» ու Ոստիկանության փոխարեն քաղաքներում շրջող մեքենաների միջից Կառավարությունը սկսեց խոսել ՀՀ քաղաքացիների հետ: Բայց փորձը ցույց տվեց, որ դա էլ բավարար չէ վարակը հաղթահարելու համար ու հիմա անձամբ Փաշինյանն է ամեն ժամ դիմում քաղաքացիներին: Վստահ եմ` այս փաստը չի կարող անհետևանք մնալ, և Կորոնավիրուսը կսկսի շատ արագ նահանջել։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Մեծ հաշվով ոչինչ՝ պարզապես Նիկոլ Փաշինյանն ինքն իր անձով է փոխարինում ամեն ինչ։ Նրա գիտակցության մեջ չկան ու երբեք չեն էլ եղել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ոստիկանությունը, պետությունը և այլն։ Կա միայն «պետությունը ես եմ» բանաձևը, որով էլ նա առաջնորդվում է։

Չեմ հասկանում միայն, թե ինչու՞ է նա դանդաղում։ Միթե՞ չի տեսել, որ ՀՀ դրամի վրա ինչ-որ ուրիշ, իր համար տարօրինակ մարդկանց նկարներ են։ Շտապ պետք է փոխել դա, պարոն վարչապետ։ Այս հարցում անգործությունը չափազանց վտանգավոր է։ Մինչ վարչապետը դանդաղում է, վիրուսն այդ թղթադրամների միջոցով մարդկանց է փոխանցվում։ Իսկ եթե դրամի վրա Փաշինյանի նկարը լինի, վիրուսն էտ ու՞մ շունն է, որ շարունակի դրամի միջոցով տարածվել։ Բացառվում է։ Եվ ուրեմն արագ գործել է պետք, պարոն վարչապետ, մեր միակ փրկիչ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում