Արարատի մարզպետը տապալում է Նորամարգի դպրոցի տնօրենի ընտրությունը, որպեսզի նշանակվի իր ազգականը. ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Արարատի մարզի Նորամարգ գյուղի դպրոցի ուսուցիչները, համայնքի բնակիչներն այսօր Կառավարության շենքի դիմաց էին հավաքվել, պատճառը՝ դպրոցի տնօրենի ընտրության երկրորդ անգամ տապալումն էր։
Տնօրենի ընտրությունը կատարվում է 8 հոգանոց խորհրդի կողմից, որից 3-ը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներն են, 2-ը՝ մարզպետարանի, 1-ը՝ համայնքի, 2-ը՝ դպրոցական խորհրդի։
Հուլիսի 17-ին նշանակված առաջին ընտրությունը չէր կայացել՝ ԿԳՄՍ նախարարության 3 ներկայացուցիչների չներկայանալու պատճառով։ 5 աշխատանքային օր հետո՝ հուլիսի 23-ին, պետք է 2-րդ անգամ կայանար ընտրությունը, սակայն այս անգամ էլ ընտրությանը ներկա չեն եղել մարզպետարանի 2 և համայնքի 1 ներկայացուցիչը։
«Սա արդեն երկրորդ անգամ է՝ հատուկ է արված։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տապալում է ընտրությունները, որպեսզի գործող տնօրեն Ծովինար Գալստյանը չընտրվի։ Եվ ըստ օրենքի՝ 2 անգամ տապալվելուց հետո ընտրություն չի լինելու, մարզպետի առաջադրած թեկնածուին փոխվարչապետը նշանակում է դպրոցի տնօրեն։ Մենք նամակով դիմել են փոխվարչապետին, որպեսզի Ծովինար Գալստանին նշանակի տնօրեն»,- ասաց Նորամարգի դպրոցի գործավար, դպրոցական խորհրդի քարտուղար Լուսինե Դավթյանը։
Նորամարգի դպրոցի տնօրենի պաշտոնի համար բացի գործող տնօրեն Ծովինար Գալստյանից, որին սատարում են ուսուցիչները և ծնողները, պայքարում է ևս 2 թեկնածու՝ Այնթապի դպրոցի փոխտնօրեն Գոհար Սահակյանը և Սիփանիկ համայնքի դպրոցի փոխտնօրեն Գևորգ Մինասյանը։
«Մենք կարծում ենք, որ Գարիկ Սարգսյանի ցանկալի թեկնածուն Գոհար Սահակյանն է, քանի որ հավաստի աղբյուրներից տեղեկացել ենք, որ ազգակցական կապեր ունի Գոհար Սահակյանի հետ»,- նշեց Լուսինե Դավթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում