Ինձ համար անսպասելի էր. փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը՝ պաշտոնից ազատվելու մասին

Ինձ համար անսպասելի էր. փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը՝ պաշտոնից ազատվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Այսօր մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը:

Tert.am-ը ազատման դիմում գրելու պատճառների մասին զրուցել է փոխոստիկանապետ Տիգրան Եսայանի հետ:

– Պարոն Եսայան, ի՞նչ պատճառաբանությամբ եք ազատվել աշխատանքից:

– Պատճառների մասին չեմ ուզում հիմա խոսել: Նախ ես դեռ ազատված չեմ, ես դեռևս ազատվելու դիմում եմ ներկայացրել:

– Ինչո՞ւ եք ներկայացրել ազատման դիմում:

– Էլի եմ ասում՝ այդ թեմայով չեմ ուզում հիմա խոսել: Ճիշտ հասկացեք ինձ, հիմա ցանկություն չունեմ խոսելու: Եթե մարդուն աշխատանքից ազատում են, դա տոն չի, չէ՞:

– Այլ պաշտոն առաջարկե՞լ են:

– Ոչ:

– Աշխատանքի հետ կապված խնդիր է եղել, թե՞ քաղաքական որոշում է սա:

– Ես ասացի՝ այդ հարցին չեմ ուզում պատասխանել, տրամադրված չեմ խոսելու:

– Մեկ օրում երկու փոխոստիւկանապետ աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում, սա նորմա՞լ է:

– Դե հիմա այդպես էլ է պատահում, կյանքում ամեն ինչ էլ լինում է:

– Որոշել եք ինչո՞վ եք զբաղվելու:

– Ոչ, դեռ ոչ, որովհետև ես էլ չէի սպասում, այնպես չէ, որ սա ես պլանավորել էի:

– Ստացվում է մեկ օրում է որոշվել, որ ասում եք՝ անսպասելի է եղել ձեզ համար:

– Ես ասացի: Ասացի՝ ազատման պատճառների մասին չեմ ուզում խոսել և ասացի՝ ինձ համար անսպասելի է եղել սա:

Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահի օգնական Հասմիկ հաստատել էր տեղությունը, որ նախագահ Արմեն Սարգսյանը փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ազատման առաջարկ է ստացել։

Հեղինակ՝ Ամալյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում