Newmag-ը հրատարակել է Արման Սաղաթելյանի «Կյանքի նյարդը» վեպը՝ արցախյան պատերազմի մասին (տեսանյութ)

Newmag-ը հրատարակել է Արման Սաղաթելյանի «Կյանքի նյարդը» վեպը՝ արցախյան պատերազմի մասին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՇատ անձնական պատմություն բոլորիս ապրած բարդ օրերի մասին: «Կյանքի նյարդը» ներկայացնում է երկրի անկախացման, արցախյան գոյամարտի և էներգետիկ ճգնաժամի տարիները, 1991-1993 թվականների Հայաստանն ու Արցախը: Գլխավոր հերոսը հենց գրողն է՝ Արման Սաղաթելյանը. 17-ամյա պատանի, որն արդեն ուսանող էր, ընկերոջ հետ մի օր որոշում է կամավոր մեկնել ռազմաճակատ։

Newmag-ը հրատարակել է Արման Սաղաթելյանի «Կյանքի նյարդը» վեպը, որը պատմում էարցախյան պատերազմի մասին։

«Կյանքի նյարդը» գիրքը ռազմաճակատում հայտնված երկու երիտասարդի մասին է, որոնք ծնողներից թաքուն մեկնեցին Արցախ, ուղիղ թեժ կետ՝ Չլդրանի համար մղվող մարտերին: Վեպը շարադրված է հենց ականատեսի աչքերով:

Արման Սաղաթելյանը պատմում է, որ գրիքի գաղափարը ծնվել է պատահաբար: «Ամեն ինչ սկսվեց հին, չհրկիզվող պահարանից, որն ինչ-որ ժամանակ ինձ նվիրել էր պապս: Այն, չգիտեմ ինչու, ինձ պետք եկավ և ես սկսեցի կարգի բերել պարունակությունը: Այդ ժամանակ տարբեր անպետք իրերի մեջ գտա մի բարակ թղթապանակ՝ իմ գրառումներով ու նշումներով, որոնք մոռացել էի 1992-93 թվականներից: Չփորձեցի մտնել գտածիս մանրամասների մեջ: Թաքցրի թղթապանակը»:

Սակայն տարիներ անց ձեռագրերը պետք է բացեր ու դրանք վերածեր գրքի՝ սկզբում ռուսերեն, ապա նաև հայերեն։ Գրելուց ամենաբարդը հիշողությունները վերականգնելն էր: Շատ մանրամասներ Սաղաթելյանը հիշել է այն տարիների գրառումների շնորհիվ, որոշ բաներ օգնել են հիշել ընկերները.

«Ամեն դեպքում վիպակում չկան կեղծ պերսոնաժներ, հորինված դեպքեր: Բայց գրքում չեք գտնի ոչ մի հնչեղ անուն, թեև այն տարիներին շփվել եմ բազմաթիվ մարդկանց հետ, որոնք այժմ բավականաչափ ազդեցիկ և հայտնի դեմքեր են: Երևի որոշ մանրամասներ այդպես էլ չհիշեցի: Դժվար էր վերարտադրել այն ծանր ժամանակաշրջանի թեթև հումորը: Չգիտեմ, գուցե, իրոք, ամեն ինչ ավելի լուրջ ստացվեց, քան պետք էր։

«Կյանքի նյարդը» մեր նորագույն պատմության ամենաճակատագրական ու բախտորոշ շրջանում ծավալված իրադարձությունների մասին է։ Ինքնակենսագրական լինելով, այնուամենայնիվ, վեպ է, դրանով իսկ ավելի հարազատ ու անմիջական դառնալով ընթերցողի համար, հիանալի հնարավորություն հաղորդակից լինելու պատերազմի անմիջական մասնակիցների ձգտումներին, ապրումներին, նրանց անձնազոհ որոշումներին, քայլերին, և վերջապես նրանց կռվին։

Գրքի թարգմանիչ Անուշ Մուրադյանը խոստովանում է՝ մեկ շնչով կարդացել է գործը, մեկ շնչով էլ թարգմանել։ «Նախ և առաջ ստեղծագործությունը հետաքրքիր է, քանի որ հեղինակն ինքը շատ անկեղծ է շարադրում մտքերը: 17-ամյա տղայի կյանքն է ներկայացված, ով այդ տարիքում արդեն շատ հստակ քաղաքական հայացքներ ունի, ով գիտի՝ եթե պայքարում ես ուրեմն խոսքը միայն քիչ է, դրա համար հենց հանրահավաքից շարժվում է Ղարաբաղ կոմիտե ու մտերիմներից ծածուկ հայտնվում Ղարաբաղում: Վախերի, ապրումների, հիշողությունների մասին գրողը գրում է անկեղծ և ճշմարիտ»,-նկատում է Անուշը։

Հայերեն թարգմանության խմբագիրն Արմեն Ամիրխանյանն է: Արմեն Ամիրխանյանը խոսքով, Արման Սաղաթելյանի խոսքը շատ անմիջական ու անկեղծ է, հագեցած յուրօրինակ ու համուհոտ ունեցող հումորով։ Ըստ նրա, ստեղծագորության սյուժեն հատկապես նոր սերունդը պետք է իմանա.

«Արցախյան հաղթանակի այլընտրանքը Հայաստանի ու հայ ժողովրդի համար անընկալելի խավար թունելով անցնել էր ենթադրելու, որի լույսը չէր երևալու։ Որ Հայաստանը պաշտոնապես պատերազմի մեջ չէր և զորք չուներ այնտեղ ուղարկելու, և հենց այսպիսի տղաների շնորհիվ էր փրկվելու դրությունը։ Որոնք զորակոչի տարիքի չէին, և տրանսպորտի ու պետական մակարդակով կազմակերպվածության չգոյության պայմաններում, պատահական բեռնատար ու մարդատար մեքենաներով պետք է հասնեին մի ամբողջ ժողովրդի ճակատագիր վճռող մարտի դաշտ»։

Կյանքի նյարդ՝ նշանակում է հիմնական շարժիչ ուժ: Ու այս գիծն անցնում է ամբողջ վիպակով՝ սկզբից մինչև վերջ: Հեղինակը նկատում է՝ բոլոր անհատների «կյանքի նյարդով» է հյուսվում ամբողջ հասարակության «նյարդային համակարգը», յուրաքանչյուրիս դրդապատճառներով՝ ընդհանուր արժեհամակարգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում