Ամերիկացի ավելի քան 100 կոնգրեսականներ դատապարտել են Արցախի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան

Ամերիկացի ավելի քան 100 կոնգրեսականներ դատապարտել են Արցախի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամներ դատապարտել են թուրք-ադրբեջանակական համատեղ ուժերի հարձակումներն ընդդեմ հայ ժողովրդի՝ պահանջելով վերջ դնել ագրեսիային և պատժամիջոցներ սահմանել Էրդողանի և Ալիևի ռեժիմների դեմ:

«ԱՄՆ վարչակազմը պետք է լսի իր սեփական հետախուզական գործակալություններին, որոնք շատ լավ գիտեն, որ Ադրբեջանն է նախաձեռնել այս հարձակումը, և պետք է շտապ ուշադրություն դարձնի Կոնգրեսի կոչին Էրդողանի և Ալիևի ռեժիմների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին»,- ասվում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարության մեջ:

Էրդողանի և Ալիևի դեմ պատժամիջոցներ սահմանելու, թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտելու, Ադրբեջանին ռազմական աջակցությունը կասեցնելու մասին հայտարարություններով են հանդես եկել տասնյակ սենատորներ և կոնգրեսականներ, որոնցից մի քանիսի խոսքը ներկայացնում ենք ստորև․

Սենատոր Մայքլ Բենեթը, մասնավորապես, ասել է. «Լեռնային Ղարաբաղում հայ քաղաքացիական անձանց դեմ հարձակումներն ու ագրեսիան պետք է դադարեցվի: Բոլոր խաղացողները, այդ թվում՝ Թուրքիան, պետք է քայլեր ձեռնարկեն բռնությանը վերջ դնելու համար»:

Սենատոր Քեթրին Կորտես Մաստո. «Լեռնային Ղարաբաղում բռնության էսկալացիան խորապես մտահոգիչ է: Կոչ եմ անում Թրամփի վարչակազմին դատապարտել մարտերն ու պահանջել Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներից անմիջապես հրադադար հաստատել»:

Սենատոր Էդ Մարքի. «Կանգնած եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության կողքին: Թուրքիան սրում է Ադրբեջանին Հայաստանի դեմ՝ ռազմական օգնություն տրամադրելով և սադրիչ հայտարարություններ անելով: ԱՄՆ-ն պետք է աջակցի տարածաշրջանում խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին»:

Սենատոր Բոբ Մենենդես. «Ուրախ եմ ղեկավարելու սենատորների կոչը պետքարտուղար Պոմպեոյին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ անմիջական շփում հաստատելու և հրադադարի հասնելու համար: Թրամփի վարչակազմը պետք է անհապաղ կասեցնի ռազմական աջակցությունն Ադրբեջանին»:

Սենատոր Գարի Փիթերս. «Խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում տիրող բռնությամբ: Կոչ եմ անում պետքարտուղար Պոմպեոյին քայլ անել և ցրել լարվածությունը: Մինչ այդ ԱՄՆ-ն պետք է կասեցնի աջակցությունը Ադրբեջանին: Նախագահ Թրամփը պետք է նաև օգտագործի իր կապերը նախագահ Էրդողանի հետ և Թուրքիային հորդորի դադարեցնել միջամտությունն այս հակամարտությանը»:

Սենատոր Ռոբ Փորթման. «Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտերի արագ աճը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ծայրահեղ մտահոգիչ է: Հակամարտությանը ներգրավված բոլոր տարածաշրջանային տերությունները պետք է դադարեցնեն իրենց ագրեսիվ և հրահրող գործողությունները»:

Ներկայացուցիչների պալատի անդամ Դոն Բեյեր. «Եթե պնդումներն այն մասին, որ հայկական օդանավը խոցվել է Թուրքիայի կողմից, ճիշտ են, ապա սա վտանգավոր էսկալացիա է: ԱՄՆ-ն պետք է ամեն ինչ անի բռնությանը վերջ դնելու համար»:

Ներկայացուցիչների պալատի անդամ Էնթոնի Բրիդիսի. «Ադրբեջանը, որը ռազմական աջակցություն է ստանում Թուրքիայից, պետք է դադարեցնի հարձակումներն Արցախի դեմ»:

Ներկայացուցիչների պալատի անդամ Թոնի Քարդենաս. «Մենք պետք է կասեցնենք ռազմական աջակցությունն Ադրբեջանին, և պետքարտուղար Պոմպեոն պետք է հասկացնի Թուրքիային, որ նա չի կարող շարունակել սրել հակամարտությունը»:

Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չու. «Մտահոգված եմ Ադրբեջանի բռնի արշավով, որն ուղղված է Արցախի ժողովրդի դեմ»:

Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկ. «Ադրբեջանի սարսափելի հարձակումները հայկական ընտանիքների դեմ Արցախում պետք է դադարեցվեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում