Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամությունից զրկելու պահանջով բանաձև է ներկայացվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ

Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամությունից զրկելու պահանջով բանաձև է ներկայացվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am2020 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների ընտրապայքարից դուրս մնացած հանրապետական թեկնածու Թալսի Գաբբարդը կոչ է արել Միացյալ Նահանգներին աշխատանքներ տանել դաշնակից երկրների հետ՝ Թուրքիային ՆԱՏՕ-ի կազմից դուրս բերելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի հայկական ազգային համագումարի ֆեյսբուքյան էջից։

Նշվում է, որ Գաբբարդի ներկայացրած բանաձևում հստակ արձանագրված է հայկական ուժերի վրա Թուրքիայի ձեռնարկած հարձակումների և մինչ այժմ Անկարայի՝ ահաբեկիչներին աջակցելու փաստերը:

Ստորև ներկայացնում ենք առաջարկված բանաձևը հիմնավորող դրույթները, որոնք ներկայացրել է Գաբբարդը.

«1. Հաշվի առնելով, որ Թուրքիան մեծացրել է իր ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտությունում։ Եթե նախկինում պարզապես քաղաքական աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին, ապա այժմ ուղղակի ռազմական օգնություն է տրամադրում։

2.Ուշադրություն դարձնելով, որ Թուրքիան փակ է պահում սահմանը ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Հայաստանի հետ և բազմիցս սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և աշխարհի տարբեր հատվածներում գտնվող հայկական համայնքների նկատմամբ, ժամանակ առ ժամանակ դրանք շղարշելով 20-րդ դարասկզբին Թուրքիայում կատարված Հայոց Ցեղասպանության վերաբերյալ կատարվող նուրբ ակնարկներով:

3. Ուշադրություն դարձնելով, որ զեկույցները վկայում են, որ Թուրքիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար Ադրբեջան է ուղարկել սիրիացի գրոհայիններին, որոնցից շատերը կապ ունեն «Ալ Կաիդայի» և «Իսլամական պետության» հետ:

4. Հաշվի առնելով, որ հայտնի է դարձել, որ Թուրքիան մասնակցել է կամ ուղղակիորեն ղեկավարել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարձակողական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ, և որ F-16 կործանիչները ներգրավված են եղել թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Հայաստանի դեմ կատարված հարձակումներում:

5. Ուշադրություն դարձնելով որ թեև ՆԱՏՕ-ն կոչ է արել անմիջապես դադարեցնել կրակն ու բռնությունները Լեռնային Ղարաբաղում՝ ի պատասխան ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակման, Թուրքիան ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը հակառակ է գործել՝ հրապարակային կերպով աջակցելով Ադրբեջանի շարունակվող ագրեսիային:

6. Չնայած Կանադան որոշում կայացրեց դադարեցնել ռազմական նշանակության սարքավորումների և սպառազինության վաճառքն Ադրբեջանին՝ ի պատասխան Ադրբեջանի հարձակողական գործողություններում նրա անմիջական ներգրավվածությանը, Թուրքիան, հղում անելով ՆԱՏՕ-ի շրջանակում հարաբերություններին, պատճառաբանեց Կանադայի կայացրած որոշման կապակցությամբ իր ունեցած դժգոհությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում