«Ամերիկյան դիվանագիտությունն ակտիվանում է». Կոմերսանտ

«Ամերիկյան դիվանագիտությունն ակտիվանում է». Կոմերսանտ

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կփորձի իր ներդրումն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս հարցի շուրջ վերլուծություններ է արել ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ շեշտելով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվայում հանդիպելու պատրաստակամության մասին հայտնի դառնալուց հետո հաղորդվեց, որ ԱՄՆ պետքարտուղարը հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կընդունի երկրների ԱԳ նախարարներին:

Ինչպես նախօրեին հայտնել էր Politico պարբերականը, պետքարտուղար Մայք Պոմպեոն ուրբաթ առավոտյան հանդիպում կունենա ադրբեջանցի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ ավելի ուշ՝ Զոհրաբ Մնացականյանի:

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը «Կոմերսանտին» հայտնել է, որ Վաշինգտոնում նախատեսվում է նաև Բայրամովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Նշվում է, որ ԱՄՆ-ն հակամարտության վերսկսման առաջին իսկ օրերից կոչ է արել կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել խաղաղ բանակցությունները: Աղբյուրը ընդգծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն օրեր անց մեղադրել է ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային հակամարտությունը սրելու համար:

Պարբերականը նկատում է, որ ամերիկյան դիվանագիտության ակտիվացումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններից հաշված օրեր առաջ: «Դոնալդ Թրամփը, որը հետ է մնում իր մրցակից Ջո Բայդենից, հույս ունի վերջին պահին հաղթանակ կորզել: ԱԳ նախարարներին Վաշինգտոն հրավիրելը կարող է լինել Նևադայում նախագահի ելույթի տրամաբանական շարունակությունը, որի ժամանակ վերջինս խոսել էր հայերի մասին»,- եզրափակում է հոդվածագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում