Ռուսաստանի համար ժամանակն է վերանայել հարաբերությունները Թուրքիայի հետ․ realtribune.ru

Ռուսաստանի համար ժամանակն է վերանայել հարաբերությունները Թուրքիայի հետ․ realtribune.ru

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄոսկվայում, ինչպես երևում է, տեղի է ունենում տարածաշրջանային քաղաքականության մեջ Էրդողանի դերի ու նշանակության վերագնահատում, գրում է realtribune.ru-ն։

Ինչպես գրում է հոդվածագիր, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Իվանովը, Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվել է երկար ժամանակ մանևրել Արևմուտքի և Ռուսաստանի միջև և շահարկել նրանց միջև վատթարացող հարաբերությունները։ Մոսկվան շատ բան է ներել Էրդողանին՝ հույս ունենալով Թուրքիային հեռացնել ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից և օգտագործել իր շահերի համար։

Նրա խոսքով՝ Էրդողանը չի հրաժարվում նաև ՆԱՏՕ-ի հարավային թևի առաջնորդի, ԱՄՆ-ի միջուկային զինամթերքի ու ռազմակայանների պահապանի դերից՝ մեծ եռանդով դեպի ՆԱՏՕ-ն քաշելով Ադրբեջանին, Վրաստանին ու Ուկրաինային։

«Ռուսաստանի կողմից Էրդողանի նկատմամբ վստահությունը խարխլող վերջին կաթիլը ղարաբաղյան հակամարտությանը նրա ակտիվ միջամտությունն էր։ Չնայած Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին պահպանվող լարվածությանը և այնտեղ բռնության պարբերաբար բռնկումներին՝ հիմնականում ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների պատճառով, այնուամենայնիվ, շահագրգիռ պետությունների ընդհանուր ջանքերով երկար ժամանակ հաջողվել է խուսափել նոր լայնածավալ պատերազմի բռնկումից»,- նշում է հոդվածի հեղինակը՝ ընդգծելով, որ հակամարտության նոր փուլերի զսպման գործում իրենց դրական դերն են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի ու Հայաստանի միջև պարբերական բարձր մակարդակի հանդիպումները:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ ավելի ռազմատենչ և ագրեսիվ դիրքորոշում է որդեգրել թուրքական ղեկավարությունը։ Անկարան սկսել է բացահայտորեն կոչ անել ԼՂ հակամարտության ուժային լուծմանը և ռազմական ճանապարհով «շրջափակված տարածքների» ազատագրմանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ռուսաստանի և այլ շահագրգիռ պետությունների՝ հրադադարի և մարտական գործողությունների հասնելու փորձերը դեռևս հաջողությամբ չեն պսակվել։ Մեծամասամբ իրենց սադրիչ դերը շարունակում են խաղալ թուրքական ղեկավարության՝ «մինչև հաղթական ավարտ» պատերազմ մղելու կոչերը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի համար ժամանակն է վերանայել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, որոնք գնալով վերածվում են միակողմանի երթևեկությամբ ճանապարհի։ Էրդողանն առավելագույն օգուտ է ստանում Ռուսաստանի հետ մերձեցումից՝ չհրաժարվելով տարածաշրջանային հակամարտություններ բորբոքելու հաճույքից և անտեսելով մեր երկրի շահերը տարածաշրջանային քաղաքականության շատ կարևոր ոլորտներում։ Այս անգամ Էրդողանն ուղղակիորեն վտանգ է ներկայացնում հետխորհրդային տարածքում տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի համար, և հաշվի առնելով, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները համապատասխան փոխադարձ պարտավորություններ ունեն Հայաստանի հետ հավաքական պաշտպանության հարցում, Ղարաբաղում պատերազմը կարող է հանգեցնել նրա հետագա էսկալացիայի և ներգրավել ավելի շատ պետությունների»,- եզրափակում է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում