Թուրքիայի և Եգիպտոսի միջև լարվածությունը շարունակվում է

Պաշտոնական Անկարան չի խառնվում Եգիպտոսի ներքին գործերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին Բաքվում հայտարարել է Թուրքայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն’ ի պատասխան Եգիպտոսի ժամանակավոր նախագահի խոսնակի հայտարարության:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ իրենց միակ ցանկությունն այն է, որպեսզի Եգիպտոսում արտահայտվի ժողովրդի կամքը և հաստատվեն ժողովրդավարական կարգեր: «Անկարան չի պատրաստվում վատացնել հարաբերությունները Կահիրեի հետ և դրա ապացույցն է այն, որ Թուրքիան շարունակում է Եգիպտոսին ֆինանսական օգնություն տրամադրել»,- հայտարարել է Դավութօղլուն:

Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի խոսնակ Ահմեդ էլ-Մուսլումանին, քննադատելով Անկարայից եկող հայտարարությունները Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, թուրքական կառավարության նման պահվածքը որակել է որպես «միջամտություն Եգիպտոսի ներքին գործերին»:

«Թուրքիան պետք է հասկանա, որ խոսում է մեծ պատմություն ունեցող հզոր երկրի մասին: Անկարային բացահայտ ասում եմ, որ պետք է հարգանք ցուցաբերեն եգիպտացիների ինքնիշխանության և Եգիպտոսի ժողովրդի կամքի նկատմամբ: Եգիպտոսը չխառնվեց Թաքսիմ հրապարակի իրադարձություններին»,- հայտարարել է Եգիպտոսի ժամանակավոր նախագահի խոսնակը:

Եգիպտոսի բանակի հրամանատարության կողմից նախագահ Մուհամեդ Մուրսին հուլիսի 3-ին հեռացվել էր նախագահի պաշտոնից, մեկուսացվել էր իր շրջապատից և տեղափոխվել Պաշտպանության նախարարություն: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Մուրսին և նրա կողմնակիցները ձերբակալվել են և տարվել Անվտանգության ծառայության շենք: Եգիպտոսի սահմանադրական դատարանի նախագահին են ժամանակավորապես հանձնվել երկրի նախագահի լիազորությունները: Եգիպտոսի իսլամիստները չեն ընդունում նման որոշումը և պահանջում են, որպեսզի իշխանությունը վերադարձվի օրինական ընտրված նախագահին:

Թուրքիան բազմիցս հանդես է եկել Եգիպտոսում տեղի ունեցող դեպքերի քննադատությամբ’ անընդունելի համարելով զինվորականության կողմից նախագահ Մուհամեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելու որոշումը: Այս կապակցությամբ հայտարարություններ են արել երկրի առաջատար այնպիսի դեպքերը, ինչպիսիք են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում