Ինձ առաջադրված մեղադրանքով եկել էին մեր տուն՝ խուզարկության, ոչինչ չեն գտել. Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Ինձ առաջադրված մեղադրանքով եկել էին մեր տուն՝ խուզարկության, ոչինչ չեն գտել. Միհրան Հակոբյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ինձ առաջադրված մեղադրանքով եկել էին մեր տուն՝ խուզարկության, ոչինչ չեն գտել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանը՝ խոսելով ոստիկանության աշխատակիցների կողմից իր տունը խուզարկելուն:

Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանը մեղադրվում է անհնազանդության ակցիաներին մասնակցելու և կազմակերպելու մեջ:

Նա պատմեց, որ ոստիկաններն իրենց տուն են գնացել վաղ առավոտյան և փնտրել այն, ինչը որոշված է եղել դատարանով: «Առգրավել են ո՛չ գործի հետ կապ ունեցող, ո՛չ այս իրադարձությունների հետ կապ ունեցող բաներ: Խուզարկությունը կատարվել է մի շարք խախտումներով, որովհետև դատարանի որոշման մեջ հստակորեն ֆիքսված էր, թե քննիչներից ով պետք է կատարեր խուզարկությունը, բայց այն կատարել է լրիվ այլ անձ, դրան գումարած, այն, ինչ փնտրում էին, չկար. փնտրում էին ցուցակներ, ռուփերներ, ապօրինի հավաք կազմակերպելու պարագաներ, բնականաբար, նման բաներ չեն հայտնաբերել»:

Հակոբյանը տեղի ունեցածը որակեց որպես անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգավորված ապօրինությունների շարքի շարունակություն, և այս ամենը, ըստ նրա, քաղաքական հետապնդում է, որով Փաշինյանը փորձում է իրեն և շատերին լռեցնել:

«Ես չեմ լռելու, ես խոսելու եմ, շարունակելու եմ: Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա և հեռանա, որպեսզի մենք կարողանանք ապրել, որպես պետություն և ժողովուրդ՝ մենք պետք է շանս ունենանք»,- ասաց նա և հավելեց, որ օրեր առաջ նրան ձերբակալելը ևս օրենքի կոպտագույն խախտմամբ է եղել և եղել է ուղիղ հանձնարարությամբ:

Հակոբյանը շեշտեց, որ այս ամենը պարզապես անտաղանդ քաղաքական հետապնդում է, որը որևէ արդյունք չի տալու և պատրաստ է թե՛ ազատազրկման, թե՛ կալանավորման, որի ընթացքում չի լռելու, իսկ ներկայիս իշխանությունը պատասխան է տալու վերջին իրադարձությունների, պատերազմի, Արցախը հանձնելու, 5000 զոհերի համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում