Թուրքիայի կառավարությունը Սիրիայից տասնյակ արաբ և թուրքմեն ընտանիքներ է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ. Sky News Arabia

Թուրքիայի կառավարությունը Սիրիայից տասնյակ արաբ և թուրքմեն ընտանիքներ է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ. Sky News Arabia

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amԹուրքիայի կառավարությունը տասնյակ արաբ և թուրքմեն ընտանիքներ է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ, որպեսզի նրանք բնակեցվեն արցախյան պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում և տարածաշրջանում ժողովրդագրական փոփոխություններ իրականացվի: Այս մասին գրում է Sky News Arabia լրատվականը՝ վկայակոչելով իր աղբյուրին:

Սիրիայի Հյուսիսային և Արևելյան ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ Շիվան Խաբուրին Sky News Arabia-ին հաստատել է թուրքական իշխանությունների կողմից Սիրիայից ընտանիքներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու վերաբերյալ տեղեկատվությունը:

Խաբուրին պնդել է, որ դա արվում է ԼՂ-ում ժողովրդագրական փոփոխություններ անելու համար: Նա նաև նշել է, որ ժողովրդագրական փոփոխությունը Թուրքիայի կառավարության համար նոր մոտեցում չէ, քանի որ այն նախկինում կիրառվել է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Աֆրին քաղաքում, որտեղ այժմ ապրում է տեղացիների 7 տոկոսից էլ քիչ հատվածը: Նույն փորձը նրանք ցանկանում են կրկնել Ղարաբաղում:

Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանը 6 շաբաթ տևած պատերազմի ընթացքում տարածքներ խլեց Հայաստանից, ինչը բերել է հայկական զորքերի` Լեռնային Ղարաբաղից դուրս գալուն:

Ավելին, ահաբեկչական խմբավորումների հետազոտող Լամար Արկանդին նշել է, որ Թուրքիայի կառավարությունն աշխատում է Սիրիայի հյուսիսարևելյան քաղաքներից, հատկապես Աֆրինից, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան սիրիացի ընտանիքներ տեղափոխելու ուղղությամբ ՝ հայկական ուժերը այնտեղից դուրս բերելուց և տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո:

Արկանդին հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի մի մսը գրավելուց հետո Թուրքիան կկատարի երկրորդ քայլը և իր զինվորներին կուղարկի այնտեղ`Ղարաբաղն ուղղակիորեն շրջափակելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայում Թուրքիայի օկուպացիոն ուժերն Աֆրին շրջանի կենտրոնում վերջերս երկու գրասենյակ են բացել, որտեղ գրանցում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշտական բնակություն հաստատել ցանկացող ընտանիքների անունները։

Աղբյուրները հաստատել են, որ առաջին գրասենյակը գտնվում է Աֆրինի People Credit Bank-ի տարածքում, որը ծառայում է որպես թուրքական հետախուզության շտաբը, իսկ երկրորդ գրասենյակը գտնվում է մի տարածքում, որը նույնպես թուրքական հետախուզության կենտրոն է ծառայում:

Աղբյուրների հաղորդմամբ՝ երկու բաժանմունքներում էլ գրանցում են թուրքմենական ծագմամբ ընտանիքների անունները, հատկապես՝ Հոմս նահանգից և ԼՂ նրանց տեղափոխման համար այդ ընտանիքների մասին տվյալներ են հավաքագրում։

Նշվում է նաև, որ թուրքական հետախուզության Աբու Թարվաթ անունով աշխատակիցը, որը ծնունդով Ազազ գյուղից է, ղեկավարում է առաջին գրասենյակը, մինչդեռ Հիրու անունով մեկը, որը Ալ Ռայի շրջանի գյուղերից մեկից է, իսլամական աշխարհազորայինների հետ համագործակցությամբ, օգնում է վերջինիս իրականացնել ծրագիրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում