Հավաքների ազատության արգելքն այլևս վերացված է

Հավաքների ազատության արգելքն այլևս վերացված է

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.amՀավաքների ազատության արգելքը վերացված է: ՀՀ վարչական դատարանը բավարարել է Արթուր Ղազինյանի, Արծվիկ Մինասյանի և Վահե Գրիգորյանի ներկայացրած հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

«Այսօր ՀՀ վարչական դատարանը, իր Թիվ ՎԴ/9623/05/20 վարչական գործով ընդունած որոշմամբ, բավարարել է իմ, Արծվիկ Մինասյանի և Վահե Գրիգորյանի կողմից ներկայացված հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը, որով կասեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ, IV գլխի 9.1-ին կետերի և 9.1-ին կետին առնչվող մասով 10-րդ կետի գործողությունը»,- գրել է Ղազինյանը:

Ավելի ուշ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ևս ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացնում եմ, որ մենք դիմել էինք դատարան այս պայմաններում հավաքներ իրականացնելու արգելքը վերացնելու միջնորդությամբ։

Քիչ առաջ դատարանը բավարարել է մեր միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ կասեցվել է կառավարության ապօրինի որոշումը։ Այսօրվանից ոչ ոք իրավունք չունի ռազմական դրությամբ պայմանավորված արգելել հավաքներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը։ Շնորհակալ ենք արդարադատությունը կյանքի կոչողներին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում