ԱՊՀ երկրները հաստատել են մինչև 2025-ը ռազմական համագործակցության հայեցակարգը

ԱՊՀ երկրները հաստատել են մինչև 2025-ը ռազմական համագործակցության հայեցակարգը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԱնկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրները հաստատել են մինչեւ 2025 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով կազմակերպության պաշտոնական կայքը, համապատասխան որոշումն ընդունվել Է ԱՊՀ պետությունների ղեկավարների կողմից:

Փաստաթղթի համաձայն՝ ռազմական համագործակցության առանցքային նպատակը պաշտպանության և ռազմական անվտանգության ոլորտում ԱՊՀ երկրների փոխգործակցության կայուն դինամիկայի պահպանումն է՝ ի շահ մասնակիցների և, ընդհանուր առմամբ, համագործակցության կայուն եւ ներդաշնակ զարգացման ապահովման: «Որպես ռազմական համագործակցության առաջնահերթություններ՝ սահմանվել են բարիդրացիական հարաբերությունների պահպանումը, վստահության միջոցների ամրապնդումը, ազգային զինված ուժերի զարգացմանը նպաստելը, համատեղ եւ ազգային անվտանգության ապահովումը:

Փոխգործակցության գերակա ուղղությունների թվում են ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական եւ ռազմա-հումանիտար ոլորտները, միջազգային ահաբեկչությանը եւ ռազմական բնույթի այլ ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելը, ռազմական կրթությունը, զինվորական կադրերի պատրաստումը եւ ռազմագիտության զարգացումը, խաղաղապահ գործունեությունը, սոցիալ-իրավական ոլորտը»,- նշված է փաստաթղթում:

Ըստ փաստաթղթի՝ ռազմական համագործակցության խնդիրները կարող են ճշգրտվել՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրների ազգային զինված ուժերի զարգացման պահանջները, իսկ ռազմական համագործակցության զարգացման հիմնական ձեւերը կարող են լրացվել՝ կախված փոխգործակցության կոնկրետ ուղղությունների առանձնահատկություններից:

Բացի այդ, կազմակերպչական և իրավական մեխանիզմը թույլ է տալիս շահագրգիռ անդամ պետություններին, դիտորդ երկրներին և գործընկերներին միանալ բազմակողմ ռազմական համագործակցությանը եւ մասնակցել միջոցառումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում