Մարոկկոն, ԱՄՆ-ն և Իսրայելը հարաբերությունների կարգավորման համատեղ հռչակագիր են ստորագրել

Մարոկկոն, ԱՄՆ-ն և Իսրայելը հարաբերությունների կարգավորման համատեղ հռչակագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄարոկկոյի, ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները Ռաբաթում համատեղ հռչակագիր են ստորագրել: Ինչպես հաղորդում է Maghreb Arabe Press (MAP) լրատվական գործակալությունը, փաստաթղթի տակ ստորագրել են Մարոկկոյի վարչապետ Սաադ ադ-Դին ալ-Օսմանին, ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական, համատեղությամբ նաև փեսա Ջարեդ Քուշները և Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեիր Բեն Շաբատը: Արարողությունը տեղի է ունեցել Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ 6-րդի ներկայությամբ:

Փաստաթղթում նշվում է, որ «Արևմտյան Սահարայի ամբողջ տարածքում ԱՄՆ-ն ճանաչում է Մարոկկոյի ինքնիշխանությունը և հաստատում է իր աջակցությունը Մարոկկոյի լուրջ, վստահելի և ինքնավարության տրամադրման վերաբերյալ իրատեսական առաջարկին՝ որպես արևմտյան Սահարայի տարածքում վեճի արդարացի և կայուն կարգավորման միակ հիմք»։

Հռչակագրում նշվում է նաև, որ «ԱՄՆ-ն կխրախուսի տնտեսական և սոցիալական զարգացումը Մարոկկոյի հետ, այդ թվում՝ Արևմտյան Սահարայի տարածքում, և այդ նպատակով հյուպատոսություն կբացի Արևմտյան Սահարայում, որպեսզի առաջ մղվի տարածաշրջանի տնտեսական և առևտրային հնարավորությունները»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Մարոկկոն և Իսրայելը պայմանավորվել են կարգավորել իրենց հարաբերությունները՝ ամերիկյան միջնորդությունից հետո: Ինչպես նաև ասել էր, որ ստորագրել է Արևմտյան Սահարայի նկատմամբ Մարոկկայի ինքնիշխանությունը ճանաչող հռչակագիր:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Մարոկկոյի հետ հարաբերությունների կարգավորումը «պատմական խաղաղությանն» ուղղված քայլ էր որակել։

Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ 6-րդն, իր հերթին, հայտարարել էր, որ Իսրայելի հետ պաշտոնական երկկողմ կապերը և դիվանագիտական հարաբերությունները պետք է «հնարավորինս շուտ» հաստատվեն։

Նշենք, որ օգոստոսից ի վեր Մարոկկոն դարձել է 4-րդ արաբեկան երկիրը՝ ԱՄԷ-ից, Բահրեյնից և Սուդանից հետո, որը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում