Դրմբոնի բնակիչները Մարտակերտիից դեպի Վարդենիս ճանապարհը շահագործելու հարցով դիմել են ռուս խաղաղապահներին (տեսանյութ)

Դրմբոնի բնակիչները Մարտակերտիից դեպի Վարդենիս ճանապարհը շահագործելու հարցով դիմել են ռուս խաղաղապահներին (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amԱրցախի Դրմբոն գյուղի բնակիչները Մարտակերտի շրջանից դեպի Վարդենիս ճանապարհի շահագործման հնարավորություն ունենալու հարցով դիմել են ռուս խաղաղապահներին:

«Վարդենիս տանող ճանապարհն անհասանելի է մեզ համար, մինչդեռ ադրբեջանցիները բեռնատարներով երթևեկում են և բեռներ են տեղափոխում Քարվաճառ: Մեր խաղաղ ակցիայի նպատակը ձեր ուշադրությունն այս հարցին հրավիրելն է, որպեսզի դուք պայմաններ ապահովեք այս ճանապարհով անվտանգ կերպով Վարդենիս հասնելու համար»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը, որը խաղաղպահ ուժերի ներկայացուցչին խնդրել է հարցը փոխանցել ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

Ակցիայի մասնակիցներից մեկը շեշտել է, որ չեն կարողանում օգտվել Վարդենիս տանող ճանապարհից, ինչի պատճառով հարազատներին այցելելու համար 60 կմ-ի փոխարեն ստիպված են լինում 500 կմ տարածություն անցնել:

Ռուս զինվորականն, իր հերթին, նշել է, որ իրենց առաքելությունը խաղաղ է և կոչված է աջակցելու երկու ժողովուրդների միջև երկխոսությանն ու համակեցությանը:

«Այդ հարցն առավել բարձր մակարդակում է որոշվում: Ես կանեմ ամեն ինչ, որ այդ խնդիրը լուծվի»,- ասել է ռուս զինվորականը՝ հավելելով, որ իրենց նպատակը նախևառաջ հրադադարի ռեժիմը պահպանելն է:

Բնակիչների կողմից գրավոր խնդրանք է փոխանցվել ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում