Էրդողանը պետական դավաճանության համար պետք է դատարանի առաջ կանգնի. թուրք ընդդիմադիր գործիչ

Էրդողանը պետական դավաճանության համար պետք է դատարանի առաջ կանգնի. թուրք ընդդիմադիր գործիչ

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Այքութ Էրդողդուն Ahval թերթին ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «պետական դավաճանության» համար պետք է դատարանի առաջ կանգնի, քանի որ երկրի ազգային շահը զոհաբերվել է նրա «կասկածելի հարստությանը»։

«Ես ամբողջ ուժով կաշխատեմ Ձեզ ընտրություններում հաղթելու և Ձեզ արդարադատության առջև կանգնեցնելու համար։ Ձեր դատավարության օրը ես դատարանի դահլիճում կլինեմ, որպեսզի պաշտպանվելու Ձեր իրավունքը խոչընդոտների չհանդիպի», – իր թվիթերյան օգտահաշվում գրել է ընդդիմադիր պատգամավորը։

Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարությունը նախկինում մեղադրել էր Էրդողանին՝ կոռուպցիայի և լիրայի փոխարժեքի վերջին փոփոխությունների ընթացքում բանկի արտարժույթի պահուստից 128 միլիարդ դոլար «հափշտակելու» համար։

Այքութ Էրդողդուն մատնանշել է նաև իր անձին ուղղված գաղտնի սպառնալիքները և իշխանությունների «քաղաքական շանտաժը»։

Նա նշել է, որ իր հեռախոսը գաղտնալսվում է և տունը հսկվում է ամեն օր և ասել․ «Ես կանգնած եմ կոռուպցիոն, անարդար և դաժան համակարգի առջև, որը դուք կառուցում եք ամեն օր»։

Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքն ասել է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչը խոսում է Ադնան Մենդերեսին սպանողների լեզվով։ Ադնան Մենդերեսը Թուրքիայի նախկին վարչապետներից է, որին սպանել են 1961 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո։

«Այն օրերը, որոնց մասին դու երազում ես, այժմ անցյալում են։ Այս տարածքը հիմա ժողովրդավարության կղզի է», – ասել է Թուրքիայի փոխնախագահ Օմար Օքթայը՝ պատասխանելով ընդդիմադիր քաղաքական գործչի մեկնաբանություններին։

Այսօր Այքութ Էրդողդուին մեղադրանք է առաջադրվել և Անկարայի գլխավոր դատախազությունը նախագահին վիրավորելու համար անմիջապես գործ է հարուցել պատգամավորի նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում