Իսրայելի օդուժը գիշերը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի 40 դիրքի

Իսրայելի օդուժը գիշերը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի 40 դիրքի

Իսրայելի ռազմաօդային ուժերն անցյալ գիշեր հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Հան Յունիս և Ռաֆահ շրջանների ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով Իսրայելի բանակի պաշտոնական հայտարարությունը:

Ինչպես հաղորդվում է, 25 րոպե տևողությամբ հարձակման ժամանակ խոցվել է Գազայի հատվածում վերահսկողություն իրականացնող ՀԱՄԱՍ շարժման մոտ 40 ստորգետնյա կառույց, 52 իսրայելական կործանիչ-ռմբակոծիչ մոտ 120 բարձր ճշգրտության զենք է օգտագործել:

Իսրայելական բանակի մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ Գազայի հատվածից 12 ժամվա ընթացքում` մայիսի 18-ի ժամը 20:00-ից մինչև 08:00-ն, Իսրայելի ուղղությամբ առնվազն 50 հրթիռ է արձակվել, որոնցից 10-ը պայթել են հենց անկլավի տարածքում` չանցնելով սահմանը: Ըստ իսրայելական կողմի հաշվարկների` մայիսի 10-ից ի վեր Գազայից առնվազն 3750 հրթիռ է արձակվել, որից 550-ն ընկել է հենց պաղեստինյան անկլավում, 90 տոկոսից ավելին որսացել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը:

Հիշեցնենք, որ պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին:

Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:

Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: Հակառակ սրվող իրավիճակին՝ արդեն 10-րդ օրն է ինչ Իսրայելի և Գազայում իշխող ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերը չեն կարողացել առաջընթաց գրանցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում